«Անտարես» հրատարակչությունը ներկայացնում է Պաուլու Կոելյուի «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա» վեպը: Պորտուգալերենից այն թարգմանել է Աննա Մարությանը:
Վեպի հերոսուհին՝ Պիլարը, վճռում է սիրած տղամարդու ընտրած հոգևոր ճանապարհի ուղեկիցը դառնալ, տղան հանուն սիրո հրաժարվում է մարդկանց բուժելու հոգևոր շնորհից:
Այս պատմությունն ունի իր բանաձևումը. «Աստծուն մոտենալ կարելի է և՛ նրան ծառայելով, և՛ սիրո միջոցով»: Աննա Մարությանի խոսքով՝ «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա» վեպը սիրո ու նվիրումի մասին է: Միաժամանակ, ինչպես որ Կոելյուի գրեթե բոլոր գործերում, կարմիր գծով անցնում է հավատի ու կրոնի թեման.
«Գլխավոր հերոսուհու՝ Պիլարի սիրո պատմության հիմքում Աստծու կանացի դեմքի բացահայտումն է: Շատերի համար գուցե անակնկալ լինի, բայց հետաքրքիր մոտեցում է: Երբ մի քիչ խորանում ես, մտածում ես՝ իսկ ինչու ոչ, ինչու պետք է Աստված արարի և՛ տղամարդու, և՛ կնոջ, ու աստվածության մեջ չլինի այդ իգականությունը»:
Կոելյուն յոթ տարեկանում ուսանել է Սուրբ Իգնատ Լոյոլի ճիզվիտական դպրոցում: Թեև վեպում ավելի շատ խարիզմատիկ ուղղություններին բնորոշ հայացքների ենք հանդիպում: Թարգմանչի կարծիքով՝ բրազիլացի գրողը թերևս հոգեւոր ուսման ընթացքում հանդիպել է այդ ուղղությանը, որն ընդունում է Մարիամի աստվածությունը, երրորդության մեջ իր տեղն ունենալը և որոշել է արծարծել այդ թեման իր գրքում:
«Առհասարակ, Կոելյուի կենսագրության շատ մանրամասներ արտացոլված են նրա ստեղծագործություններում: «Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակում Վերոնիկան հենց նրա կերպարն է: Սա պատմություն է մի աղջկա մասին, ով որոշում է ինքնասպան լինել, հետո հայտնվում է հոգեբուժարանում: Կոելյուն ինքն էլ քանիցս հոգեբուժարանում է եղել»:
Բրազիլացի գրողի ստեղծագործությունները վաճառվել են ավելի քան 225 միլիոն օրինակով, հրատարակվել 170 երկրում, թարգմանվել 80-ից ավելի լեզուներով: Բայց կա հակասություն. Կոելյուի հայտնիությունը կապում են ոչ թե նրա գրականության գեղարվեստական արժանիքների հետ, այլ լավ գովազդի:
Աննա Մարությանը ծանոթ է այդ կարծիքներին: «Երկու թշնամական խմբի են բաժանվում ընթերցողները: Մի խումբը՝ ատում ու քննադատում է նրան, մյուս խումբը, եթե ասեմ սիրում է, չափազանցված կլինի… բայց նրա պարզ գրելաոճը, հետաքրքիր կլիշե մտքերի առատությունը գրավում է ընթերցողին: Դրանք խտացված մտքերի երկեր են, օրինակ, «Աքրայում գտնված ձեռագիրը» գրքում տեղ գտած բոլոր մտքերը որպես աֆորիզմներ կարելի է գործածել: Եթե գեղարվեստական չափանիշներից ելնենք, Կոելյուի ստեղծագործությունները գուցե չտեղավորվեն մեր պատկերացրած լավ գրականության մեջ, բայց կա ինչ-որ յուրահատկություն, որը գերում է ընթերցողների որոշակի շրջանակների, հատկապես դեռահասներ համար շատ ընկալելի է: Գովազդն էլ, իհարկե, նշանակություն ունի, բայց կան գրողներ, որ ահռելի գումարներ են ծախսում գովազդի համար ու նույն հաջողությունը չունեն»:
Մեր զրուցակիցը նկատեց, որ «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա» վեպում տեղ գտած այս և նման մտքերը կարելի է հանդիպել Կոելյուի գրեթե բոլոր գործերում, գուցե տարբեր ձևակերպումներով:
Խոսելով թարգմանության ընթացքի ու դժվարությունների մասին՝ ասաց, որ Կոելյուի դեպքում դժվար է պորտուգալերենի պարզությունն այդ աստիճանի պարզ ներկայացնելը. «Ասում են՝ Կոելյուն հայերեն պարզ է, պատկերացրեք պորտուգալերենը շատ ավելի պարզ ու առօրեական է, փորձում եմ գոնե գեղարվեստականությունը պահել, որ ընկալելի լինի եւ տեքստի երաժշտականությունը չկորի»:
«Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա» «Յոթերորդ օրը» եռագրության առաջին գիրքն է, որին հաջորդում են «Վերոնիկան որոշում է մեռնել» ու «Դևը եւ օրիորդ Պրիմը» վեպերը: Երեք գրքերն էլ ներկայացվել են հայ ընթերցողին:
Աղբյուրը՝ mediamax.am