Արմավիրի մարզում երեկ՝ հունիսի 27-ին պայմանագրային զինծառայողին դանակահարելու համար կասկածվողը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 27–ին, ժամը 23։05-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 25–ամյա մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 25-ամյա Վրեժ Խաչատրյանն է, որը պայմանագրային զինծառայող է։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շահումյան գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Խաչատրյանի և մի քանի այլ անձանց միջև, որի ժամանակ դանակով հարվածել են Վրեժ Խաչատրյանի կրծքավանդակին։ Ոստիկանությունը պարզել է մասնակիցների ինքնությունը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։