ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀ ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: ՀՀ ՊԵԿ պատվիրակությանը` Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը` Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, հանդիպել է նաև ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանի հետ` քննարկելով հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում և Արցախում հարկային վարչարարության կայուն և ներդաշնակ զարգացման կարևորությունը, նշել գործընկեր կառույցների միջև իրականացվող ծրագրերի առաջնահերթությունները: «Երկու կառույցների միջև գործակցությունը կլինի շարունակական, քանի որ համատեղ աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված երկու պետությունների տնտեսության ամրապնդումն ու զարգացումը»,-վստահություն է հայտնել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Արցախի Հանրապետության ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանն ընդգծել է, որ երկու կառույցների միջև ստեղծված է սերտ համագործակցություն, որի շրջանակում հաջողությամբ իրագործվում են հարկային ծառայողների մասնագիտական գիտելիքների ձեռքբերման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և մի շարք այլ ծրագրեր:
ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն անդրադարձել է հարկային եկամուտների ապահովման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, առանձնացրել բիզնեսի հարկային կարգապահության բարձրացմանը նպաստող քայլերը։ Կողմերը դիտարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց հարկային ոլորտի բարեփոխման հեռանկարները: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և կատարելագործման բնագավառում ՀՀ և ԱՀ պետական եկամուտների կոմիտեների գործընկերության ուղիները։
Կարևորելով փորձի փոխանակումը՝ Արցախի և Հայաստանի գործընկերները նախանշել են համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել համապատասխան միջոցառումներ բարձրացված խնդիրների կարգավորման նպատակով: