Կրեմլում ծանոթացել են այն տեսանյութի հետ, որում ենթադրաբար ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական միավորման անդամները դաժանաբար սպանում են սիրիացի զինծառայողին: Այս մասին, ինչպես փոխանցու է Lenta.ru կայքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դա իրոք շոկային ինֆորմացիա է»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Կրեմլը ոչ մի տեղեկություն չունի տեսանյութի հրապարակման վերաբերյալ, ինչպես նաև ոչ մի կապ չունի այն դեպքերի հետ, որոնք երևում են տեսանյութում:
«Ռուսաստանի քննչական մարմինները անհրաժեշտության դեպքում կարող են հետաքննություն սկսել կատարվածի վերաբերյալ»,-նշել է Պեսկովը:
«Վագների խումբ» մասնավոր ռազմական միավորման զինյալները Աֆրիկայի մի քանի երկրներում օգնում են անվտանգության պահպանմանը: Նրանք մասնակցել են նաև Դոնբասում և Սիրիայում տեղի ունեցած ռազմական գործողություններին, ինչպես նաև Սուդանում աջակցել էին նախագահ Օմար ալ-Բաշիրին:
Նոյեմբերի 21-ին Новая газета-ն տեսանյութ է հրապարակել, որում մի քանի ռուսերեն խոսող և զինվորական հագուստով մարդիկ դաժանաբար ծեծում, սպանում և ապա անդամահատում են մի տղամարդու, որը նման է արաբի: