fbpx
Արցախ

Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը․ ԱԽ քարտուղար

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին հանդես եկավ ելույթով, հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի Facebook-ի էջից։

Ելույթը նվիրված էր ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին և դրանց չեզոքացմանն ուղղված միջոցառումներին:

Խոսելով անվտանգային մարտահրավերների և սպառնալիքների մասին քարտուղար Գրիգորյանը այս համատեքստում կարևորեց իրավիճակը Հարավային Կովկասում, ընդգծելով, որ այն շարունակում է մնալ լարված և պայմանավորված է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի գործոնով:

ԱԽ քարտուղարը նաև կարևոր համարեց արձանագրել, որ Արցախյան երկրորդ պատերազմը ակնհայտ դարձրեց այն, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Արմեն Գրիգորյանը իր ելույթում նաև անդրադարձավ հայ ռազմագերիների խնդրին, ինչպես նաև այսպես կոչված «ավարի պուրակին», որպես ֆաշիզմի դրսևորում: Քարտուղար Գրիգորյանը կարևորեց ՀԱՊԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը գերիների վերադարձի ուղղությամբ:

Ելույթի ամբողջական հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի նախագահող,

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ և արդյունավետ աշխատանք եմ մեզ մաղթում:

Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել հյուրընկալող կողմին՝ մեր տաջիկ ընկերներին, այսօրվա հանդիպման և ջերմ ընդունելության համար:

Ընդհանրապես, նեղ կազմի ձևաչափով քննարկմանը, մենք ավանդաբար դիտարկում ենք ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները և խոսում դրանց չեզոքացման միջոցառումների մասին: Այս առումով կուզենայի անրադառնալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

Թուրք-ադրբեջանական տանդեմը, որը սանձազերծեց հազարավոր կյանքեր խլած վերջին Ղարաբաղյան պատերազմը, նպատակ ուներ արցախահայության լիակատար ֆիզիկական ոչնչացումը: Զուր չէ, որ ես այս տանդեմը կոչեցի թուրք-ադրբեջանական, և ոչ ադրբեջանաթուրքական, առաջին տեղում նշելով Թուրքիային, քանի որ այս պատերազմում ամենալայն մասնակցությունն ունեին թուրքական ռազմական հրահանգիչները, թուրքական հատուկ նշանակության ջոկատները, Թուրքիայի կողմից հավաքագրված ահաբեկիչ-վարձկանները, որոնք մինչ այժմ էլ շարունակում են մնալ տարածաշրջանում: Թուրքիայի կողմից միջազգային հարթակում նաև քաղաքական աջակցություն է ցուցաբերվել Ադրբեջանին:

Մեր մշտական ուշադրության կենտրոնում է նաև գերեվարված հայ զինծառայողների և Ադրբեջանի կողմից պահվող այլ անձանց վերադարձի հարցը: Այսօր այս հարցը մեզ համար առաջնակարգ նշանակություն ունի: Ցավոք, ադրբեջանական կողմը շարունակում է շահարկումներ անել այս խնդրի շուրջ և ամեն կերպ խոչընդոտում է նրանց ազատ արձակմանը՝ բերելով անհիմն փաստարկներ և գործընթացը տանելով փակուղի: Պետք է կիրառել հնարավոր բոլոր ջանքերն այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար և այս առումով ես ակնկալում եմ ձեր օժանդակությունը և աջակցությունը:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես գիտեք, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելը և զինադադար հաստատելը հնարավոր եղավ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ: Այս գործընթացում անձնական մեծ ջանք է գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մենք կարծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ հիմունքներով պետք է ապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը: Սա է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և հայ բնակչության անվտանգության ապահովման երաշխիքը:

Նախորդ տարվա պատերազմը ակներևաբար ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը փաստացի հանդիսանում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորում և թույլ է տալիս առանձին էթնիկ խմբերին ոչ միայն առանձնանալ որևէ պետությունից, երբ առկա են խտրականության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման կամ ցեղասպանության ռիսկեր, այլ նաև բացառում է միացումը նման պետության հետ: «Անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում, որը չի կարող կարգավորված համարվել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը:

Նախագահ Ալիևը շարունակում է ցինիկաբար (լկտիաբար) հայտարարել, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին համարում է իր երկրի քաղաքացի: Այս խոսքերի կեղծիքն ակնհայտ է՝ ոչ մի պետություն խաղաղ բնակիչներին չի ոչնչացնի, ռմբակոծի և հրթիռակոծի, եթե նրանց սեփական քաղաքացիներ համարի:

Եվս մեկ աղաղակող փաստ՝ այս տարվա ապրիլի 12-ին, Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, Բաքվում բացվեց Արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակ», որտեղ հայկական ռազմական տեխնիկային զուգընթաց, ցուցադրված էին հայկական զիված ուժերի զինվորների մանեկենները, զոհված հայ զինծառայողների անձնական իրերն ու սաղավարտները: Այսպես կոչված, «պուրակի» բացման արարողությունը և Ադրբեջանի նախագահի ելույթը այդ արարողության ժամանակ, ևս մեկ անգամ հստակ ցուցադրում են, որ վերոնշյալ քայլն ուղղված է պատերազմում զոհվածների, անհայտ կորածների և գերիների հիշատակի հանրային նվաստացմանը: Կարծում եմ, որ այս զազրելի, առողջ հոգեկառուցվածքի հետ անհամատեղելի, խեղված միջոցառման հրապարակված կադրերը, ծանր հոգենստվածք կթողնեն ցանկացած նորմալ մարդու մոտ: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա այդպիսի չակերտավոր «պուրակ» ստեղծելու բուն գաղափարը իրական ֆաշիզմի դրսևորում է:

Հարգելի գործընկերներ,

75 տարի առաջ մեր հայրերն ու պապերը հաղթեցին ֆաշիզմը: Կարծում եմ, որ մենք՝ որպես նրանց գործի հետնորդներ, պետք է կանխենք վերոնշյալ ֆաշիստական դրսևորումների վերածնունդը:

Ակնհայտ է, որ այդպիսի կեղծ հայրենասիրական արարքները ուղղված են ադրբեջանական ժողովրդի գիտակցության մեջ, ի դեմս ամբողջ հայության, երդվյալ թշնամու կերպարի երկարատև ամրապնդմանը, ինչը որևիցե ձև չի կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է պատշաճ գնահատական հնչի այսպես կոչված չակերտավոր «պուրակի» վերաբերյալ:

Հարգելի գործընկերներ,

Ի լրումն այս ամենի, անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահն հայտարարեց, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջեւան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: Սա ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության ուղղակի սպառնալիք, և այդպիսի դեմարշները չպետք է անտեսվեն, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ագրեսիվ նկրտումները: Կարծում եմ, որ մեր Կազմակերպությունը միանշանակ դիրքորոշում պետք է հայտնի ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջաաականության դեմ ցանկացած ոտնձգությանը:

Հարգելի գործընկերներ,

Այսօրվա մեր նիստը տեղի է ունենում բարդ պայմաններում, երբ համաշխարհային մասշտաբով մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, ընդարձակվում են անկայունության օջախներ, ընդլայնվում են տարաձայնությունների գոտիներ, նոր թափով են բռնկվում հակամարտությունները, իսկ համաշխարհային տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում: Այս ամենը անխուսափելիորեն ազդում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու վրա, և առկա մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու նպատակով մենք պետք է ցուցաբերենք միասնական, համակարգված մոտեցում, նրբանկատ, ուշադիր վերաբերմունք միմյանց խնդիրներին։ Սա կլինի մեր ընդհանուր հաջողության և մեր պետությունների անվտանգության ապահովման նպատակների իրագործման գրավականը:

Շնորհակալություն ուշադրության համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ