Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Ի պաշտպանություն հայ-իրանական սահմանի, թշնամի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլ․ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի արած գրեթե նույնաբովանդակ հայտարարությունները մի քանի կարևոր շերտ է բացահայտում, որին պետք է մեծ ուշադրությամբ մոտենալ։
Հայաստանի սուվերեն տարածքով՝ Մեղրիով անցնող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի անթաքույց հավակնությունը շարունակում է կենսունակ մնալ։
Հայաստանի սուվերեն տարածքի՝ հայ-իրանական սահմանի [միջանցքի] նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի անթաքույց հավակնությունը շարունակում է կենսունակ մնալ։
Համաշխարհային մեկուսացման ենթարկված[ող] Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայից, ինչպես նաև ռեգիոնում Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի աճող առավելությունը թույլ են տալիս ենթադրել, որ Ռուսաստանը ևս միարժեք կարող է դեմ չլինել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող միջանցքի գոյությանը։
Հայ-իրանական սահմանի վերաբերյալ այս հիշեցումները վկայում են, որ Հայաստանի դեմ նոր պատերազմի վտանգը չի նվազել, և Իրանն էլ չունի այն ռազմական և քաղաքական ներուժը, որ կարողանա դիմակայել Թուրքիա-Ադրբեջան-[Ռուսաստան] որևէ ձևաչափով համաձայնեցված էսկալացիային։
Հայաստանն ահռելի աշխատանք ունի կատարելու այս ուղղությամբ։
Դիվանագիտական ճակատում ակտիվությունը դեռևս անհրաժեշտ արդյունք չի տվել։ Հայաստանը պետք է շարունակի Բաքվի հետ ինտենսիվ շփվել երկկողմ ձևաչափով։
Քանի դեռ արևմտյան երկրներին չի հաջողվել կենսունակություն հաղորդել Մինսկի խմբին, (ինչը տեսանելի ապագայում անհնար է թվում ոչ թե Ադրբեջանի, այլ հավաքական արևմուտք-Ռուսաստան օրեցօր լարվող հարաբերությունների պատճառով), Հայաստանը պետք է նոր պատերազմը բացառող օրակարգերով երկկողմ ձևաչափով աշխատի թե՛ Մինսկի խմբի համանախագահ և թե այդ խմբից դուրս բոլոր շահագրգիռ երկրների և ուժային կենտրոնների հետ։
Հայաստանից պահանջվում է հնարավոր ամեն գնով հեռացնել պատերազմի վտանգը և բացառապես քաղաքական լուծում փնտրել հայ-ադրբեջանական խնդիրներին»։