fbpx
Քաղաքականություն

Պետք է խաղաղություն ապահովենք ԼՂ սահմանին և ես առաջարկել եմ 4 մլն դոլար հատկացնել այդ նպատակով. ԱՄՆ կոնգրեսական

Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման ջանքերը, համոզված է ԱՄՆ-ի կոնգրեսական Ջուդի Չուն, ում կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունն այս շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության է արժանացել.

«Ինձ չափազանց մտահոգում են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցող միջադեպերը»:

Կոնգրեսական Չուի օրենսդրական նախաձեռնությամբ 2020 թվականին նախատեսվում է ԱՄՆ-ի պետբյուջեից գումար հատկացնել հայտնի «Ռոյս-Էնգելի» նախաձեռնության իրականացմանը: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարների կողմից մշակված այս նախաձեռնությունը նախատեսում է Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծից հանել դիպուկահարներին և հրետանին, տեղադրել հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել հրադադարի խախտման մեղավորներին, և զգալի ավելացնել ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցչի դիտորդների քանակը:

«Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին և ես առաջարկել եմ 4 միլիոն դոլար հատկացնել այդ նպատակով: Այս համատեքստում նշեմ նաև պալատի հավանությանն արժանացած կոնգրեսական Շերմանի նախաձեռնությունը, որը արգելում է Ադրբեջանին որևէ զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել ԼՂ քաղաքացիական օդանավերի դեմ»:

Միացյալ Նահանգների առավել ակտիվ ներգրավումը տարածաշրջանում խաղաղության պահպանման մեջ կարևոր է համարում նաև կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ում օրենսդրական նախաձեռնությունը, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն հատկացնել, նույնպես հավանության է արժանացել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում:

«Այս նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդի համար այլև անձամբ ինձ համար: Չնայած, որ պատերազմն ավարտվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ, մինչ օրս այնտեղ մնացել են հազարավոր ականներ: Իմ համոզմունքն է, որ ոչ մի ընտանիք, ոչ մի երեխա չպետք է վտանգի ենթարկվի ականների պատճառով»:

Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներից բացի կոնգրեսական Քոքսի նախաձեռնությունը նախատեսում է նաև ԱՄՆ-ի պետբյուջեից 2020 թվականին ֆինանսավորում հատկացնել ղարաբաղյան հիվանդանոցներին և վերականգնողական կենտրոններին:

Նշենք, որ Միացյալ Նահանգները, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, պաշտոնապես հայտարարում է, որ աջակցում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը՝ սահմանների անձեռնմխելիության և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայնը 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ