fbpx
Հասարակություն

Քաղաքացիներն ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման. փակ է Երևան-Արմավիր ճանապարհը

Այս պահին մի խումբ քաղաքացիներ  Երևան-Արմավիր ավտոճանապարհին կրկին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք ավտոմեքենաներով  փակել են էջմիածին քաղաքի մուտքի  հատվածը և թույլ են տալիս անցնել միայն շտապօգնության մեքենաներին։ Հավաքվածները բողոքում են գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու դատարանի որոշման դեմ։ Տեղում նաև ոստիկանական ուժեր կան, որոնք հորդորում են չսահմանափակել այլոց տեղաշարժը։

Ակցիայի վայրում եղած քաղաքացիներից մեկը նշեց՝ կողմ են արդարադատությանը և ուզում են, որ արդարությունը վերականգնվի, Մանվել Գրիգորյանն Էջմիածնում չպետք է բնակվի։ Նշենք, որ մեքենաների դիմապակիներին փակցված են «Տուշոնկա Մանվել» գրությամբ թերթիկներ։

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ էր արձակվել երեկ գիշերը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշել էր գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Խափանման միջոց կալանքը փոխվել էր 25 մլն դրամ գրավի դիմաց։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ