Աշխարհ

Փհենյանը բլեֆ է անում․ Բոլթոնը՝ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառում, որ Փհենյանը բլեֆ է անում՝ խոսելով Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսման վերջնաժամկետի մասին, որը նշանակված է տարեվերջին։

«Ես կարծում եմ՝ դա բլեֆ է։ Նրանք կարծում են, թե նախագահ (Դոնալդ Թրամփը) հուսահատ ցանկանում է գործարք կնքել, և եթե նրանք արհեստական ժամանակային սահմանափակում դնեն, ապա կկարողանան ավելի շահավետ գործարք ստանալ»,- ասել է Բոլթոնը NPR-ի հարցազրույցում։

Նա նշել է, որ այս ամենը հյուսիսկորեական պիեսի մի մասն է։

«Նրանք հաջողությամբ արեցին դա ամերիկյան երեք նախորդ վարչակազմերի հետ և ծրագրում են նույնն անել այս մեկի պարագայում»,-հավելել է նա։

Բոլթոնի խոսքով՝ Թրամփի վարչակազմը «մեծ սխալ» կկատարի, եթե իսկապես արգելափակի ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումները քննարկելու փորձերը, զգուշանալով Փհենյանին վշտացնելուց և բանակցությունները խափանելուց։

«Այս մոդելը մենք տեսնում ենք արդեն ավելի քան երեք տասնամյակ. հյուսիսկորեացիները հայտարարում են, որ պատրաստվում են հրաժարվել միջուկային զենք ստեղծելու իրենց ծրագրից, հատկապես շոշափելի տնտեսական շահի փոխարեն, բայց նրանք երբեք դա չեն անում»,-նշել է Բոլթոնը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ