«PicsArt»-ը «արհեստական բանականության» մասնագետների պատրաստման ծրագիր է իրականացրել

Հրապարակող՝

«PicsArt»-ը «արհեստական բանականության» մասնագետների պատրաստման ծրագիր է իրականացրել

Ամենադիտվածներ

«PicsArt» ընկերությունը Երևանի պետական համալսարանի ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացրել է արհեստական բանականության (ԱԲ) մասնագետների պատրաստման նոր ծրագիր։

Կենտրոնի Տեղեկատվական համակարգերի մշակում և Տեղեկատվական համակարգերի կառավարում մասնագիտացումների երկրորդ կուրսի ուսանողների համար առաջին կիսամյակում իրականացվել են «Մեքենայական ուսուցում» և «Նեյրոնային ցանցեր» դասընթացներ։

Դասընթացները վարել են «PicsArt» ընկերության ԱԲ թիմի մասնագետները՝ կիրառելով տեսական գիտելիքների և պրակտիկ առաջադրանքների համադրության վրա հիմնված ծրագիր:
ԵՊՀ SS կրթական և հետազոտական կենտրոնը ՏՏ ոլորտում շարունակական կրթության ծրագրերի և առանձին դասընթացների իրականացման համար նախատեսված մարմին է։ Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու։

«PicsArt»-ը տարիներ շարունակ ներդրում է կատարում Հայաստանում ԱԲ ոլորտը զարգացնելու ու մրցունակ մասնագետներ պատրաստելու համար: Վերջին երկու տարիների ընթացքում, «PicsArt»-ի ջանքերով մեքենայական ուսուցման տարբեր կրթական ծրագրերի շրջանակում Հայաստանում 80-ից ավելի մասնագետներ են պատրաստվել, որոնք աշխատանքի են անցել PicsArt-ում եւ ՏՏ առաջատար այլ ընկերություններում:
«Աշխարհում այսօր մրցունակ են այն երկրները, որոնք զարգացնում ու ընդլայնում են արհեստական բանականության կիրառման ոլորտները: Պատահական չէ նաև, որ համաշխարհային շուկայում այս բնագավառի մասնագետների մեծ պահանջարկ կա։ Դատելով մեր երկրի ՏՏ ոլորտի հաջողություններից, Հայաստանն ունի ներուժ՝ պահանջարկ վայելող մասնագետների պատրաստման և միջազգային պատվերների ներգրավման համար»,- նշել են ընկերությունում:

«PicsArt»-ը նաև բանակցություններ է վարում ԲՈւՀ-երում արհեստական բանականությունը որպես մասնագիտացում ներառելու նպատակով:

Աղբյուր ՝https://itel.am

Ամենաթարմ