ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆ Հաֆթարից պահանջել է անմիջապես դադարեցնել զինված գործողությունները և բանակցություններ սկսել:
«Տրիպոլիի դեմ այս միակողմանի ռազմական արշավը սպառնալիքի տակ է դնում խաղաղ բնակչությանը և վտանգում բոլոր լիբիացիների համար ավելի լավ ապագայի բոլոր հեռանկարները: Քաղաքական լուծումը միակ հնարավորությունն է միավորելու երկիրը և իրականացնելու անվտանգության, կայունության և բարգավաճման ծրագիր բոլոր լիբիացիների համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նշենք, որ ստեղծված իրադրության պայմաններում ԱՄՆ-ն Լիբիայից դուրս է բերել իր զորքերը:
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի հարավում ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության և Լիբիայի ազգային բանակի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, 20-ից ավելին՝ վիրավորվել:
Ավելի վաղ Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի վրա հարձակման մասին, որի նպատակը, ըստ նրա, երկրի մայրաքաղաքն ահաբեկիչներից ազատելն է: