Կլիմայի փոփոխությունը, որը համարվում է մարդկության ամենաթանկ, ծախսատար գլոբալ խնդիրներից մեկը, մինչև 2050 թվականը կարող է հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի 4 տոկոսի կորստի: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով S&P Global մեդիա հոլդինգի ուսումնասիրությանը։
Աշխարհի տարբեր ծայրերում ծովի մակարդակի բարձրացումից, շոգերից, երաշտից և փոթորիկներից վնասը կլինի անհամաչափ. դրանցից առավել կտուժեն աղքատ երկրները: Եթե կառավարությունները չշարժվեն դեպի կլիմայի փոփոխության մեղմացման նպատակները, ապա միջին կամ միջինից ցածր ՀՆԱ ունեցող երկրների համար տնտեսական վնասը կլինի միջինը 3,6 անգամ ավելի, քան նրանց մոտ, ում ՀՆԱ-ի ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է:
Բնական աղետների և դրանց հետևանքների պատճառով կտուժեն հասարակածին մոտ գտնվող փոքր կղզիները, ինչպես նաև՝ գյուղատնտեսությունից կախված պետությունները։ Արդյունքում, Հարավային Ասիայի երկրները վտանգված են կորցնել իրենց ՀՆԱ-ի 10-18 տոկոսը: Բացի այդ, զգալի կորուստներ կունենան Կենտրոնական Ասիան, Արևելյան Ասիան, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները։ Հյուսիսային Ամերիկայի համար վնասը, ըստ վերլուծաբանների, կլինի 3 անգամ ավելի քիչ, իսկ Եվրոպայի՝ կլիմայական փոփոխություններից ամենաքիչ կախված տարածաշրջանի համար՝ 10 անգամ քիչ:


