«Փորձի փոխանակում համայնքային ծառայությունների տրամադրման և էլ. կառավարման ոլորտում» խորագրով ուսուցողական այցի շրջանակում Հայաստան է ժամանել Եգիպտոսի մի շարք նախարարությունների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունը, որի հետ հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Ուսուցողական այցը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ (մինչև 2018)։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
Պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ համայնքային ծառայությունների մատուցման և ՏԻՄ-երում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման ոլորտներում հայաստանյան փորձին, մասնավորապես՝ ՀՀ համայնքներում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակներին (ՔՍԳ) և Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգին (ՀԿՏՀ)։
Պատվիրակությունը կմասնակցի Երևանում կայանալիք կլոր սեղան քննարկումներին, ինչպես նաև կայցելի Աբովյանի համայնքապետարանում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակ և «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակները թույլ են տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Հայաստանում քաղաքացիների սպասարկման գրասենյակներում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում և նպաստում է մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:
«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակ¬ներում հիմնվել են 39 Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ ՀՀ 8 մարզերում, և ՀԿՏՀ է ներդրվել շուրջ 450 բնակավայրերում։ Այսպիսով, Երևանից դուրս բնակվող բնակչության գրեթե 40 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու բարելավված համայնքային վարչական ծառայություններից։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։