fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանական հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի օգտագործմամբ փորձում են տեղեկություններ հավաքագրել շրջափակման հետևանքների վերաբերյալ. Արցախի ԱԱԾ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր: Այդ մասին ասված է Արցախի ԱԱԾ-ի Ֆեյսբուքի էջում։

«Օգտագործելով Արցախի քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։

Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում Արցախի ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց:

Նման նպատակներ հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու կամ գրառումների հանդիպելու դեպքում խնդրում ենք դիմել Արցախի ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- նշված է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ