fbpx
Կառավարություն

Փողոցային առևտուրը կարգավորող նախագիծը հավանության արժանացավ կառավարության կողմից

Կառավարությունը փողոցային առևտուրը կարգավորող նախագիծ է հավանություն տվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Երևան համայնքը և այլ համայնքներ բախվում են այն խնդրին, որ փողոցային առևտուրն անընդհատ կա, և ինչքան էլ տույժեր, վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը չկարգավորված է մնում:

«Երևանի քաղաքապետարանի գործընկերներն են հիմնականում նախագծի վրա աշխատել և առաջարկում են բացի տուգանք կիրառելու իրավունքից նաև փողոցային առևտուր իրականացնողների ապրանքները առգրավելու իրավունք ունենալ, որից հետո կարող են նաև իրավական գործընթաց սկսել»,- ասաց Սանոսյանը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում վերլուծություն են արել, ըստ որի եզրակացության են եկել, որ ունեցած գործիքակազմը բավարար չէ պատասխանատվության ենթարկելու առկա իրավախախտումների համար, շատ դեպքերում տուգանքները չեն կարողանում գանձել քաղաքացիներից:

«90 տոկոս դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում, և այդպես գնում են, սնանկ են դառնում: Այս խնդրի լուծումը որպես այդպիսին մենք տեսնում ենք ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնողների ապրանքը բռնագրավելու միջոցով, և կարծում ենք, որ այդպիսով այս խնդիրը վերջնականապես կլուծենք: Պարբերաբար Երևան քաղաքում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամեն ինչը նորից կրկնվում է, և վստահ ենք, որ այս օրենքի ընդունմամբ կկարողանանք այդ հարցն ամբողջովին լուծել»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Երևանի քաղաքապետի խոսքով՝ խաղալիքներ, անգամ կենդանիներ, փոքր գազի բալոններով քաղցր բամբակ են վաճառում և չգիտեն՝ ինչ տեխնիկական անվտանգություն է ապահովվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց երկրում ինստիտուտների և ստանդարտների սահմանումը:

«Եկեք չգնանք կոմպրոմիսների. ես չեմ ասում՝ «գերանդին» առնենք, աջուձախ փակենք, արգելենք ամեն ինչ, բայց պետք է պահպանենք անվտանգության կանոնները։ Պետք է գնալ երկրում հստակ ստանդարտներ ունենալու ճանապարհով, քանի որ անորակ իրականության հետ կոմպրոմիսն անխուսափելիորեն բերելու է աղետի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ