Հուլիսի 8-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 231 շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԻՆ պաշտոնատար անձինք:
Բակալավրի կրթական աստիճան ստացան 6 մասնագիտություններով ուսուցում անցած 178 ուսանող: Ավարտական դիպլոմներ ստացան նաև միջին մասնագիտական ուսուցման ծրագիրը հաջողությամբ հաղթահարած 53 շրջանավարտ:
Գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին դիպլոմները հանձնեցին Ֆելիքս Ցոլակյանը և Արայիկ Հարությունյանը:
Միջոցառման սկզբում ներկաները ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի առաջարկությամբ հարգեցին հուլիսի 6-ին Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա և հուլիսի 7-ին Վրաստանի՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարների հետևանքով զոհվածների հիշատակը:
Շնորհավորական իր խոսքում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ նախատեսվում էր միջոցառումը կազմակերպել շատ ավելի հանդիսավոր կերպով՝ ԱԻՆ նվագախմբի ելույթով և համերգային ծրագրով, սակայն տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանքով, ցավոք, գրանցվեցին զոհեր, ինչն ինքնաբերաբար բացառում է որևէ տոնական միջոցառման անցկացում:
«Դա է փրկարարի ճակատագիրը», – դիմելով ՃԿՊԱ շրջանավարտներին նշեց ԱԻ նախարարը:
«Մասնագիտություն ձեռք բերելը կյանքի կարևոր շրջափուլերից է, և միաժամանակ, նոր ուղղու սկիզբ: Իսկ ձեր ընտրած ուղղին, վստահաբար, հեշտերից չէ: Փրկարար լինելը, բժշկի մասնագիտությունից էլ ավելի բարդ է, քանի որ նա ոչ միայն ուրիշի կյանքեր է փրկում, այլև շատ հաճախ վտանգում է իր կյանքը՝ ուրիշին փրկելու համար: Փրկարարի գործում պրոֆեսիոնալիզմից ու կայուն գիտելիքներից էլ ավելի կարևոր մեկ հատկանիշ կա՝ բարությունը: Բարություն պետք է ունենալ՝ քաղաքացիների, բնակչության պաշտպանությունն իրականացնելու, աղետների և դրանց բերած հետևանքների դեմ պայքարելու և փրկարարական ձեր ծառայությունը հավուր պատշաճի կատարելու համար»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Դիմելով շրջանավարտներին Ֆելիքս Ցոլակյանը վստահություն հայտնեց, որ նրանք գիտակցում են բոլոր նրբությունները և լավ գիտեն իրենց մասնագիտության դերն ու նշանակությունը քաղաքացու և պետության համար:
«Վստահ եմ, որ մեծ պատասխանատվությամբ եք վերաբերվելու ձեր գործին և հասկանում եք, որ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ ամենօրյա համառ պայքար՝ հանուն փրկված կյանքերի և ընդդեմ աղետների անդառնալի հետևանքների: Բարեխղճության և նվիրումի դրսևորմամբ, կատարելով մասնագիտական պարտականությունները, կարող եք պահպանել փրկարարի մարդասիրական նկարագիրը և նրա բարձր պատիվը: Ահա այսպիսի պրոֆեսիոնալների կարիքը ԱԻՆ-ը միշտ ունենալու է»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով և հաջողություն մաղթելով շրջանավարտներին, կոչ արեց նրանց ապագայում հավուր պատշաճի օգտագործել ստացած մասնագիտական գիտելիքները՝ վստահություն հայտնելով, որ ՃԿՊԱ ավարտած անձինք ստանում են որակյալ կրթություն:
Միջացառման վերջում ՃԿՊԱ շրջանավարտները ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտությունները:
Ապա ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը նախարարներին ներկայացրեց ակադեմիայի տրամադրության տակ եղած և ուսուցման գործընթացում կիրառվող մասնագիտական տեխնիկան և ուսումնական գրականությունը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։