ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն Արագած լեռան օդերևութաբանական 2-րդ կայանի մոտակայքում հայտնաբերել են լեռան վրա մնացած երկու լեհ լեռնագնացներին և այժմ ուղեկցում են դեպի շտապօգնության ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ավելի վաղ նույն աղբյուրից տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 8-ին, ժամը 17:30-ին ահազանգ է ստացել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:
Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք գտնվել են Արագած լեռան հյուսիսային գագաթների միջնամասում: