Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը մերժում են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը, ներառյալ անօրինական ինքնակառավարման նախաձեռնությունները և իրենց վճռականությունն են հայտնում դիմակայելու Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող ծրագրերին: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասված է Անկարայում ընթացող եռակողմ բանակցությունների արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:
«Կողմերը քննարկել են Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակը, շեշտել, որ այդ շրջանում կայունության և անվտանգության կարող են հասնել միայն երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա:
Երեք երկրների առաջնորդները պայմանավորվել են այդ նպատակով միավորել իրենց ջանքերը»,-ասված է հրապարակված փաստաթղթում:
Բացի դրանից՝ երկրների ղեկավարները մանրամասնորեն դիտարկել են Իդլիբի դեէսկալացիոն գոտում տիրող իրավիճակը և մտահոգություն են հայտնել այդ գոտում և դրա շուրջ մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացման ռիսկի վերաբերյալ: Նրանք պայմանավորվել են ձեռնարկել միջոցներ՝ նվազեցնելու խախտումների թիվը:

