Իրավական

Քաղաքական որոշում է եղել, որ պետք են իրավաբան-գիտնականներ․ Բադասյան

Քաղաքական որոշում է կայացվել, որ մեզ պետք են իրավաբան-գիտնականներ: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչու ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը չի ընդգրկվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։

«Տիկին Հովհաննիսյանի դիմումում նշված է, որ նա մասնակցել է նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին։ Իրականում խոսքը գնում է ոչ ֆորմալ մասնակցության մասին, քանի որ նայել ենք, նա ֆորմալ առումով հանձնաժողովի անդամ չի եղել։ Մեր սկզբունքը հետևյալն է՝ դատաիրավական բարեփոխումների պաշտոնական փաստաթղթի ռազմավարության մեջ նշվում է, որ քննադատություններ են հնչում 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների հետ կապված։ Բնականաբար, մենք այդ ամենը չէինք կարող դրական առումով գնահատել։ Այո, սա քաղաքական որոշում է եղել, իսկ այստեղ ի՞նչ կա զարմանալու»,- ասաց նախարարը։

Ռուստամ Բադասյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած անձանց շրջանում այլ ավելի արժանի անձինք կային, բայց ընդամենը 6 իրավաբան-գիտնականի ընդգրկելու հնարավորություն է եղել:

«Տիկին Հովհաննիսյանի մասնագիտական ունակությունները որևէ մեկը կասկածի տակ չի դնում, բայց ավելի համապատասխանողներն ընդգրկվել են հանձնաժողովում։ Եթե այլ հանգամանքներով մենք տեսնեինք, որ տիկին Հովհաննիսյանն ամենալավ թեկնածուն է, ապա մենք կընտրեինք ամենալավ թեկնածուին»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը հունվարի 29-ին հրապարակել էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Ընտրված իրավաբան-գիտնականներն են՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը, Հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ