Հասարակություն

Քամին ավերածություններ է պատճառել Գավառ քաղաքում

Հունվարի 15-16-ի ընթացքում Գավառ քաղաքում գրանցված ավերիչ ուժգնության քամիները լուրջ վնասներ են պատճառել Գավառ քաղաքի տնտեսություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանից, քամին պոկել և ցած է շպրտել Կաբելագործների փողոցի բազմաբնակարան շենքի երկու, Արծվաքար թաղամասի մեկ առանձնատան, սովխոզնիկների թաղամասի 1 անասնագոմի տանիքներ:

«Կաբելագործների բազմաբնակարան մեկ շենքի տանիքն ամբողջովին է քանդված, մյուսը՝ մոտ 70 տոկոսով: Ամբողջովին են քանդված նաև Արծվաքարում գտնվող առանձնատան և սովխոզնիկների փողոցի անասնագոմի տանիքները: Վնասվել է նաև երկու ավտոմեքենա: Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան: Այդուհանդերձ, տնտեսություններին հասցված վնասներն էական են: Գավառի քաղաքապետարանում ստեղծված համապատասխան հանձնաժողովը հաշվարկում ու գնահատում է քամու պատճառած վնասների մոտավոր չափերը, որի արդյունքները կներկայացվի մարզային հանձնաժողովի քննարկմանը»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ