fbpx
Քաղաքականություն

Քաղաքական դիսկուրսը Հայաստանում դուրս չի գալիս նորի և հնի շրջանակից

Ակնառու է, որ քաղաքական «դիսկուրսը» Հայաստանում դուրս չի գալիս նորի և հնի շրջանակից, և անգամ Ամուլսարի հարցում առաջացած քաղաքական դիմակայությունը մեծ հաշվով մնաց այդ համատեքստում՝ վկայելով, թե որքան ուժեղ է նորի և հնի, այսպես ասած, «ճնշումը» հասարակական-քաղաքական օրակարգի վրա: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Ո՞վ է պատասխանատու այդ օրակարգի համար: Հարցը մի կողմից՝ ունի միարժեք կոնկրետ պատասխան՝ կառավարող ուժը, բայց մյուս կողմից՝ այդ միարժեքությունն առերևույթ է, որովհետև օրակարգի համար պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր ունեն քաղաքական կյանքի, հասարակական-քաղաքական սուբյեկտության հավակնություն: Որովհետև նրանք օրակարգի անմիջական շահառուներն են, այդ օրակարգը և դրանում ձևավորված իրավիճակն ու իրողություններն են պայմանավորում հանրության հետ քաղաքական սուբյեկտների հարաբերությունը, ուժերի հարաբերակցությունը:

Ըստ այդմ, եթե որևէ սուբյեկտի, որն ունի քաղաքական հավակնություն, չի բավարարում ձևավորված օրակարգը կամ «դիսկուրսը», ապա տվյալ սուբյեկտը պետք է լինի այն փոխելու առաջնային շահագրգռություն ունեցողը և դրա ուղղությամբ քայլեր կատարողը: Ըստ այդմ, օրակարգի, «դիսկուրսի» ձևավորման պատասխանատվություն կրում են բոլոր քաղաքական ուժերը, քաղաքականության և հանրային շահերի սպասարկման հավակնություն ներկայացնող բոլոր սուբյեկտները: Եթե այն շարունակում է մնալ, լինել հնի ու նորի գերակայության միջավայրում, ապա դա նշանակում է, որ չկա դրան արդյունավետ մրցակցություն:

Թե՛ նոր իշխանությունը, թե՛ հին համակարգի տարբեր սեգմենտները լուծում են իրենց քաղաքական խնդիրները, և պետք է արձանագրել, որ ներկայիս դիմակայությունն ու օրակարգը բխում են այդ շահից:

Քաղաքականությունը ենթադրում է մրցակցություն, քաղաքականության մեջ դա ոչ միայն անխուսափելի է, այլև մեծ հաշվով այլ կերպ չի էլ լինում: Ըստ այդմ՝ ամբողջ հարցը մրցակցության բովանդակությունն է և որակը: Հեղափոխությունից հետո այն, մեղմ ասած, բարձր չէ և խոշոր հաշվով առանձնապես չի էլ տարբերվում մինչ հեղափոխությունը եղած իրողություններից: Դա նաև հասկանալի է՝ ի վերջո մեծ հաշվով քաղաքական դիրքավորման տեսանկյունից եղել է տեղերի փոփոխություն, իսկ դերակատարները սկզբունքորեն նույնն են:

Ահա այստեղ է ամբողջ հարցը՝ հետհեղափոխական իրավիճակում ի հայտ կգա՞ն քաղաքական նոր դերակատարներ, նոր՝ ոչ միայն անուններով և անվանումներով, այլև ընդհանրապես քաղաքական փիլիսոփայությամբ, աշխարհայացքով ու մեթոդաբանությամբ, որոնք կբերեն քաղաքական մրցակցության նոր նշաձող և որակ, հանրության հետ հարաբերության նոր մշակույթ, որը միաժամանակ կլինի հանրամատչելի և հասկանալի, որպեսզի հետո հանրությունը չմեղադրվի այդ մշակույթը «չհասկանալու» համար:

Առայժմ մրցունակ քաղաքական այլ սեգմենտ՝ հետհեղափոխական մեկուկեսամյա շրջանում, չի ձևավորվել, ինչի հետևանքն էլ հնի ու նորի գերակա «օրակարգն» է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդակ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ