fbpx
Կառավարություն

Քերոբյանը և Ռեշետնիկովը պայմանավորվել են ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հուլիսի 9-ին հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Մոսկվայում հուլիսի 8-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում Մաքսիմ Ռեշետնիկովն առաջարկել է մշակել տնտեսական համագործակցության նոր ծրագիր, որով այսուհետ կհամակարգվեն բոլոր համատեղ ներդրումային ծրագրերը: Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության նախորդ ծրագիրը ավարտվել է 2020 թվականին, նախարար Ռեշետնիկովն ընդգծել է նոր երկարաժամկետ ռազմավարական փաստաթուղթ ունենալու անհրաժեշտությունը:

Ներդրումային նախագծերի մշակման նպատակով Վահան Քերոբյանը և Մաքսիմ Ռեշետնիկովը պայմանավորվել են ստեղծել ներդրումային համագործակցության գծով համատեղ աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երկու կողմերի փոխնախարարներ:

Գործընկերներն անդրադարձել են Հայաստանի և ՌԴ-ի միջև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրի խոչընդոտներին՝ կապված ՌԴ-ում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների հետ կապված գինիների նկատմամբ լրացուցիչ պահանջների հաստատման հետ:

Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ռուս գործընկերոջը ներկայացրել է երկկողմ առևտրի ոլորտում առկա թաքնված խոչընդոտները, որոնք դժվարացնում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը: Մասնավորապես՝ նա նշել է, որ Ռուսաստանում փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանի հետ առևտրի ժամանակ դեռևս հարկային դժվարությունների են հանդիպում:

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային կառավարությունների հետ ուղիղ համագործակցության կարևորությունը՝ նշելով Սվերդլովսկի մարզի հետ հուլիսի 6-ին ստորագրված համաձայնագիրը՝ առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական հարաբերությունների իրականացման մասին։ Մաքսիմ Ռեշետնիկովն իր խոսքում կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդումը և առաջարկել ակտիվացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։

Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը` կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ուժեղացնել երկու երկրների միջև ինտեգրացիոն գործընթացները` օգտագործելով ԵԱՏՄ ողջ ներուժը: Նրանք քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում երկու երկրների արտադրանքի՝ մետաղագործության, քիմիական արդյունաբերության և գինեգործության ոլորտների ապրանքների համատեղ իրացման հարցերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ լոգիստիկ կենտրոն ստեղծելու հարցը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

ՌԴ-ն ՀՀ առաջատար առևտրային գործընկեր է` ապահովելով հանրապետության արտաքին առևտրաշրջանառության գրեթե 30,3 տոկոսը: 2015 թվականի հունվարին Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո և մինչև համավարակը երկկողմանի առևտուրն աճել է 2 անգամ` 1,26 մլրդից մինչև 2,51 մլրդ ԱՄՆ դոլար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ