Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձևաչափով հայաստանյան պատվիրակության այցի մեկնարկը տրվեց՝ պատվիրակության ղեկավար Լենա Նազարյանի կողմից՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում Ապրիլի 9-ի զոհերի հուշահամալիրին ծաղիկներ խոնարհելով:
Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական խմբերը հանդիպեցին խորհրդարանում, քննարկեցին արտաքին հարաբերություններին, համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Աշխատանքային խմբերին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ընդունեց Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին:
Լենա Նազարյանը նշել է․ «Հիմնականում անդրադարձել ենք միջազգային կազմակերպություններում մեր երկրների համագործակցության հարցին, խոսել ենք արտաքին քաղաքականության մասին: Վրաստանի արտգործփոխնախարարի հետ խոսեցինք Եվրոպական ինտեգրման ծրագրերի մասին»։
Արդարադատության տանը հանդիպում եղավ Վրաստանի արդարադատության առաջին փոխնախարարի հետ: Ճանաչողական այցի շրջանակներում վրաստանյան կողմը ՀՀ պատվիրակությանը ներկայացրեց Արդարադատության տան աշխատանքային ընթացքը:
Այցի օրակարգում էր նաև Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարություն այցելությունը. փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլիի գլխավորությամբ՝ նախարարության տարբեր բաժանմունքների ղեկավարներն ընդունել են Հայաստանի պատվիրակությանը:
Հագեցած աշխատանքային օրվա ավարտին Լենա Նազարյանը եղել է նաև Թբիլիսիի Հավլաբար թաղամասում «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը:
Այս մասին տեղեկացնում է Ալիք Մեդիան: