fbpx
Խորհրդարան
13:15 06/04/2019

Քննարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին խորհրդարան էին հրավիրվել ՓՄՁ և ՏՏ ոլորտների ներկայացուցիչները՝ քննարկելու ՀՀ Կառավարության հեղինակած և խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչպես նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավաբանական վարչության պետ Արտաշես Հովսեփյանը, փաթեթի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մրցակցության խթանումն է, հմուտ մասնագետների, օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու դրամաշնորհային ծրագրերով գիտական աշխատանքների իրականացումը: Նշենք, որ քննարկման մասնակիցների գերակշիռ մասը համամիտ չէր այս տեսակետի հետ և կարծում էր, որ փոփոխությունները բացասական ազդեցություն են ունենալու ոլորտի վրա:

Փաթեթով մասնավորապես՝ նախատեսվում է հարկային արտոնություններ տրամադրել արտասահմանյան ՏՏ ընկերությունների կողմից Հայաստանում ստեղծված դուստր ընկերություններին այնպես, ինչպես տրամադրվում է տեղական սկսնակ կազմակերպություններին: Ըստ այդմ՝ նրանք 23 տոկոսի փոխարեն կվճարեն 10 տոկոս եկամտահարկ:

Ոլորտի շատ ներկայացուցիչներ և պատգամավորներ կարծում էին, որ այս կարգավորումներն անհավասար պայմաններ են ստեղծելու տեղական նորաստեղծ և արտերկրյա ընկերությունների միջև, և, բացի այդ, այս կազմակերպությունները փորձելու են տեղականներից «տանել» ՏՏ լավագույն մասնագետներին: Կային նաև հակառակ կարծիքներ, ըստ որոնց, չպետք է որևէ կերպ, առավել ևս՝ արհեստականորեն, խոչընդոտել ընկերությունների մրցակցությանը: Հարցադրումներ են եղել նաև արտոնություններ տալու նպատակահարմարության, կադրեր պատրաստելու անհրաժեշտության առնչությամբ:

Օրենսդրական փաթեթը բարելավելու և տեղական ընկերությունների նկատմամբ անհավասար վերաբերմունքը բացառելու նպատակով առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների անդամները:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արդյունավետ է գնահատել այն, մասնակիցներին հորդորել գրավոր ներկայացնել ոչ միայն փաթեթի, այլև ոլորտի բարեփոխմանն ուղղված առաջարկներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ