fbpx
Իրավական

Դատարանը վերացրեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։

Օգոստոսի 17-ին դատարանը նիստի ժամանակ անդրադարձել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությանը, այն է՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելը: Պաշտպան Խուդոյանը նշել է՝ խնդիրը կայանում է նրանում, որ վարույթ իրականացնող մարմինը կալանք է դրել Սեդրակ և Լևոն Քոչարյանների գույքի վրա՝ այդ որոշումով համարելով, որ վերջիններիս գույքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին:

Պաշտպան՝ Հայկ Ալումյանը նշել է, որ ներկայում կա օրինական ուժի մեջ մտած, ընդ որում չբողոքարկված դատական ակտ, որով Սեդրակ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը ճանաչվել է ոչ օրինական, և դրանով խախտվել է նրա իրավունքը: Միջնորդությունն աներկբա պետք է բավարարվի առանց որևէ վերապահման։

Դատավոր Աննա Դանիբեկյանը քննարկումից հետո հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը մասնակի վերացվեց՝ նշելով, որ կալանքը կպահպանվի այն չափով, որն անհրաժեշտ է դատական ծախսերի հնարավոր բռնագանձման և հնարավոր բռնագրավումի ապահովման նպատակով։

Դատարանը որոշել է նաև վերացնել նախաքննական մարմնի գույքի վրա կալանք դնելու մասին 2018 թվականի որոշումը՝ Սեդրակ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և արխիվների, ինչպես նաև «Թարգեթ» ՍՊԸ և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վրա դրված կալանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ