fbpx
Իրավական
15:30 02/12/2019

Քոչարյանի պաշտպանները նոր բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան:

Պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել է, որ բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից սեպտեմբերի 20-ին կայացված որոշումը, որով անփոփոխ էր մնացել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Պաշտպանական կողմը պահանջում է նոր երևան եկած հանգամանքով՝ ՍԴ-1480 որոշմամբ, բեկանել հիշյալ որոշումը:

Բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին:

Մեր հարցին ի պատասխան՝ դատավոր Տիգրան Սահակյանի գրասենյակից ասացին, որ այս պահին դեռևս չկա որոշում՝ բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու մասին:

Հիշեցնենք, որ իր 1408 որոշմամբ ՍԴ-ն, ի թիվս այլնի, արձանագրել է, որ գրավը ճանաչվել է որպես ինքնուրույն խափանման միջոց՝ դադարելով լինել կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց, ուստի այն կարող է կիրառվել ոչ միայն անձի թաքնվելու, այլ նաև խոչընդոտելու ռիսկը զսպելու պարագայում: Սա պաշտպանական կողմը դիտել էր որպես նոր ի հայտ եկած հանգամանք, և այս հիմքով նաև միջնորդություն էր ներկայացրել՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, ինչը դարձյալ մերժվել էր:

Այդ որոշման դեմ ևս պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել, որը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ դատավորի՝ Մխիթար Պապոյանի, որն էլ այն վարույթ էր ընդունել:

Աղբյուրը՝ Armtimes.com

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ