Էկո

Քոչարյանի թիմը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վաճառել է 1,5 անգամ ավելի պակաս արժեքով, քան կոմբինատն արտադրում է 1 տարում․ Գալստյան

Մեր խոշորագույն լեռնահանքային ձեռնարկությունն ու Քաջարանի հանքի շահագործման իրավունքները վաճառվեցին 2004 թվականի դեկտեմբերին՝ 132 միլիոն ԱՄՆ դոլարով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնվել էր դեռ 1951 թվականին ու կոմբինատի իրական շուկայական արժեքը 2004 թվականի դրությամբ՝ ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, տատանվել է 1-1,5 միլիարդ դոլարի շրջանակներում։ Այստեղ կարևոր է նաև նշել, որ պաշտոնական տվյալներով 2005 թվականին Հայաստանում հանքագործական արդյունաբերության ծավալները կազմել են մոտ 250 միլիոն դոլար, որի մոտ 75 տոկոսը տվել է հենց այս ձեռնարկությունը։ Այսինքն կոմբինատը վաճառվել է իր մեկ տարվա արտադրության ծավալներից մոտ 1,5 անգամ պակաս արժեքով։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բնապահպան Լևոն Գալստյանը։

«Պատկերացրի՞ք, թե ինչ է արվել 100-120 տարվա կյանք ունեցող հանքավայրի հետ, որտեղ պարփակված են մոլիբդենի համաշխարհային պաշարների 6-7 տոկոսն ու պղնձի և ուղեկից այլ հազվագյուտ և թանկարժեք մետաղների հսկայական պաշարներ», – նշել է Գալստյանը։

Նա գրում է, որ այդ տարիներին Հայաստանը կառավարող Ռոբերտ Քոչարյանի թիմը որպես վաճառքի հիմնավորում ներկայացնում էին այն կանխատեսումը, որ պղնձի համաշխարհային գները կնվազեն և այդ պատճառով կոմբինատը գնալով կկորցնի իր գրավչությունը: «Եվ այսպիսի մերկապարանոց, առանց որևէ մասնագիտական հիմնավորում ունեցող պնդումներով նրանք ջրի գնով վաճառեցին կոմբինատն ու Քաջարանի շահագործման իրավունքները 37 տարով՝ մինչև 2041 թվականը, 100 տոկոսով հանձնեցին մասնավորին», – ասում է նա։

Հետո բնապահպանը ներկայացնում է, թե ինչպես են փոխվել պղնձի գները․

– եթե 2004 թվականին 1 տոննա պղինձն արժեր մոտ 3000 դոլար, ապա ներկայումս այդ գինը 9500 դոլար է։ Վերջին 16 տարում միջին գինը եղել է 6000-6500 դոլարի շրջակայքում՝ հաճախ հասնելով նաև մինչև 9-10,5 հազար դոլարի։ Այսինքն գները ոչ միայն չնվազեցին, այլ աճեցին 3-3,5 անգամ։

«Չնայած ԶՊՄԿ-ի հիմնական բաժնետեր էր ներկայացվում գերմանական ընկերությունը, սակայն տարիներ շարունակ հանրության մեջ շրջանառվում էին լուրեր, որ իրականում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ունեն շատ լուրջ ստվերային մասնակցություն այդ գործարքում։ Դա ավելի ակնհայտ դարձավ 2018 թվականից հետո, երբ արագ թափով սկսվեցին փոխվել ԶՊՄԿ-ի բաժնետերերը, իսկ հետագայում էլ՝ մինչև իրական սեփականատերերի մասին հայտարարագրի հրապարակման պահանջի ուժի մեջ մտնելը, գերմանական Քրոնիմետն ընդհանրապես վաճառեց իր 75 տոկոս բաժնեմասը։ Այսօրվա դրությամբ ԶՊՄԿ-ի 62,5 տոկոսի բաժնետերերը, ըստ էության, մնում են անհայտ»։

Այն մասին, թե այդ տարիներին ինչպես Հայաստանը 100 տոկոսով հրաժարվեց ընդերքի պաշարների օգտագործման մեջ իր մասնակցությունից, ինչ թերհաշվարկված ու չնչին գումարներով իրականացվեց պետության ու քաղաքացիների ունեզրկումը` կարդացեք «Հանքերն ու կոռուպցիան․ մաս առաջին – Մասնավորեցում կամ ունեզրկում» հոդվածում կամ դիտեք այս տեսանյութում։

Սա շարքի 3-րդ մասն էր։ Առաջին 2 մասին կարող եք ծանոթանալ այստեղ․ մաս 1-ին, մաս 2-րդ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ