Մարտի 1-ի քրեական գործով վկայի կրագավիճակով ՀՔԾ հրավիրված և ցուցմունք տված Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքնությունը ամբողջությամբ հրապարակվել է։
Ըստ ցուցմունքի՝ Փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է 50-60 բարձրաստիճան զինորական, այդ թվում նաև ինքը՝ Սամվել Կարապետյանը, այդ ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, 2008-ի դեպքերի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և այլք։
Վկայի ցուցմունքով՝ խորհրդակցության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը Միքայել Հարությունյանին ոտքի է կանգնեցրել ու զայրացած տոնով հարցրել, թե որտեղ է իր տեղակալ Մանվել Գրիգորյանը, տեղյակ է արդյոք, թե ինչով է զբաղված։ Միքայել Հարությունյանն ասել է, որ ինքը երկու օր է՝ ցանկանում է նրա հետ կապ հաստատել, բայց վերջինս չի պատասխանում իր զանգերին։
«Քոչարյանը բավականին զայրացած էր, Միքայել Հարությունյանին հանձնարարեց, որ գնան, Մանվել Գրիգորյանին ասեն, որ երկրապահի անդամներին հանի երկրապահի շենքից, իսկ ինքն էլ գնա, իրենց տանը նստի։ Քոչարյանն ասում էր, որ տվյալներ ունեն, որ երկրապահի անդամների մոտ զենք կա, զինված են։ Ես հասկացա, որ պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը նախարարին չի ենթարկվում ու հանձնարարեց, որ նրան կագրի հրավիրեն, ցրեն երկրապահի անդամներին, իսկ Մանվել Գրիգորյանին ուղարկեն տուն»,-նշված է ցուցմունքում։
Սամվել Կարապտյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը շատ զայրացած էր։ Նրա վրդովմունքը պայմանավորված էր նրանով, որ պաշտպանության նախարարը տեղյակ չի եղել, թե ինչով է զբաղված իր տեղակալ Մանվել Գրիգորյանը։
Կարապետյանի ցուցմունքն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

