Ազգային Ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀԱՊԿ-ին կոչ արեց սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ և կանխել սահմանային լարվածությունը:
Ազգային ժողովի ամբիոնից Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նոյեմբերի 16-ին սահմանին տիրող իրավիճակը ՀՀ բոլոր քաղաքացիներին պահում է լարվածության մեջ։ Պատգամավորն ընդգծեց, որ սահմանին ստեղծված իրավիճակը կարող ենք կանխել միայն միասնական ուժերով։
«Մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք, անկախ նրանից ՀԱՊԿ-ի մեջ այլ ինչ պետություններ են ընդգրկված։ Այնտեղ ընդգրկված մեր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը, որը, ըստ էության, լինելով ՀԱՊԿ անդամ, ունի լիարժեք մեծ փաթեթ ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում տեղի ունեցող լարվածությունները իր գործողություններով կանխելու։ Այս պահի դրությամբ ոչ հայտարարություն ենք լսել, ոչ էլ գործողությունների հստակ գործիքակազմի կիրառման հնարավորություն, էլ չեմ ասում մշտադիտարկման խնդիրը ամիսներ շարունակ կախված է եղել ՀԱՊԿ-ի առջև։ Կարծում եմ, եթե մշտադիտարկման փուլը իրականություն դարձրած լինեինք, երբեք հակառակորդը մեղադրանք չէր կարող ներկայացնել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»,- ասաց Քոչարյանը։
Պատգամավորի կարծիքով՝ բոլոր պատգամավորները պետք է իրենց մտահոգությունները հայտնեն միջազգային գործընկերներին։