Քրդերը պատասխանում են իրենց դեմ Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությանը։
Սիրիայի քրդական ուժերն հրետաակոծել են Թուրքիայի սահմանամերձ քրդաբնակ Մարդին և Շանլըուրֆա նահանգները, ինչի հետևանքով 2 նահանգներում զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Թուրքական աղբյուրը, հղում անելով Մարդինի և Շանլըուրֆայի նահանգապետարանների հայտարարությանը, տեղեկացնում է, որ հրետակոծության հետևանքով 2 նահանգում վիրավորների թիվը հասնում է 69-ի, զոհերի թիվը՝ 7-ի: Վիրավորներից 45-ը Շանլոուրֆայից են, 24-ը՝ Մարդինից: Իսկ 7 զոհերից մեկը եղել է սիրիացի երեխա:
Նախօրեին էլ քրդական ուժերը կրակ էին բացել թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչաքալե և Ջեյնարթընար շրջանների վրա:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։
Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։