fbpx
Իրավական

Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. ապրիլի 22-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, բազմաթիվ անձինք Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտակայքում մասնակցել են «Ի աջակցություն ձերբակալված սյունեցիների» կազմակերպված հավաքին: Այնուհետև գնացել և ակցիան շարունակել են ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կենտրոնական մուտքի դիմաց, որի ընթացքում հիշյալ հավաքի 10 մասնակից, անտեսելով ոստիկանության ծառայողների՝ հասարակական կարգը չխախտելու պահանջները, այլ անձանցից առանձնանալու և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել: Նրանցից երկուսը տարբեր իրերով հարվածել են ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքին, անհանգստություն և տագնապի զգացում առաջացրել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների, դատախազության վարչական շենքում գտնվող աշխատակիցների և պատահական անցորդների մոտ՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ 10 մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ