fbpx
Իրավական

Քրեակատարողական համակարգում առկա չէ COVID 19-ի կանխարգելման ռազմավարություն

Հուլիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին: Ընդ որում, կատարվել է «Արմավիր» ՔԿՀ-ին վերաբերող կոնկրետ խնդիրների, ինչպես նաև այնպիսի խնդիրների ուսումնասիրություն, որոնք ունեն համակարգային բնույթ:

Ըստ այդմ, այցի և ուսումնասիրությունների արդյունքներով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները․

Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում առկա չեն նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների ծրագիր՝ գործառույթների հստակ տարանջատմամբ,

քրեակատարողական ծառայողների համար առկա չեն նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում նրանց աշխատանքին վերաբերող վերապատրաստման դասընթացներ,

նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նկատառումով խցերի մաքրման աշխատանքների համար ազատությունից զրկված անձանց չեն տրամադրվում հատուկ ախտահանիչ միջոցներ և պարագաներ ու առկա չեն նաև նրանց կողմից այդ միջոցներից կամ պարագաներից օգտվելու պրակտիկայում գործող սկզբունքներ կամ կանոններ,

քրեակատարողական հիմնարկում առկա չէ օդափոխության ընդհանուր համակարգ, որն ունի համակարգային խնդիր և Մարդու իրավունքների պաշտպանն այն բարձրացվում է տարիներ շարունակ,

քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման տարածքներում, ինչպես նաև պատժախցերում ու կարանտինային բաժանմունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ,

պատշաճ չի կազմակերպվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը. առկա են բժշկական փաստաթղթերի վարման խնդիրներ (օրինակ՝ չեն վարվում հիվանդության պատմագրերը, իսկ բժշկական քարտերը, բժշկական մատյանները և այլ փաստաթղթեր վարվում են թերություններով և այլն),

արձանագրվել են բժշկական գաղտնիքի պահպանմանն առնչվող լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ դեղորայք տրամադրելիս, բժշկական զննություն իրականացնելիս և այլ բժշկական միջամտություններին ներկա են գտնվում քրեակատարողական ծառայողներ. չի գործում կանխավարկածն այն մասին, որ քրեակատարողական ծառայողը կարող է բժշկական միջամտություններին ներկա լինել միայն բժշկի պահանջով՝ այն էլ բացառիկ դեպքերում ու միայն տեսողական դիտարկման համար,

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանումը ոչ ամբողջական է համալրված անհրաժեշտ դեղերով և այլ բժշկական պարագաներով,

արձանագրվել են այնպիսի գերատեսչական հակասություններ, որոնց պատճառով խնդիրներ են առաջանում դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկից դատարան և դատարանից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում,

առկա են ազատությունից զրկված անձանց քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելու հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ուղեկցողների և տրանսպորտային միջոցների սակավությամբ,

տեղաշարժման դժվարություններ ունեցող ազատությունից զրկվածները բախվում են դատական նիստերին տեղափոխման խնդիրների, քանի որ տրանսպորտային միջոցները հարմարեցված չեն,

բարելավման կարիք ունեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմանները, մասնավորապես՝ աշխատակիցների համար նախատեսված սանհանգույցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ,

քրեակատարողական հիմնարկում շարունակում է առկա լինել հաստիքների համալրման խնդիրը. այցի պահին հոգեբանի 2 հաստիքներն էլ թափուր են եղել և այլն:

 

Այցի ընթացքում և կատարված ուսումնասիրություններով արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝

 

նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ազատությունից զրկված անձանց կրթական միջոցառումները և դասընթացները կազմակերպվել են առցանց եղանակով.

ազատությունից զրկված անձինք գոհունակություն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի, քանակի և բազմազանության կապակցությամբ.

ավելացել է տեսազանգից օգտվող ազատությունից զրկված անձի թիվը (թեև ազատությունից զրկված որոշ անձինք շարունակում են անտեղյակ լինել տեսազանգից օգտվելու հնարավորության մասին):

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, սոցիոլոգ, ինչպես նաև բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ:

Այցի ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, բժշկական սպասարկման և առհասարակ քրեակատարողական ծառայողների հաստիքների բավարարությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:

Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Մշտադիտարկման այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և բժշկական անձնակազմը պատշաճ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ