Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտնել է, որ ՌԴ իշխանությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար:
Զայցևի խսքով՝ Ռուսաստանը մեծ մտահոգությամբ է ընդունել մեզ համար բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության մասին լուրը։
«Վստահ ենք, որ երկար տարիների Ղարաբաղյան հակամարտությունը ինչպես և միջազգային ասպարեզում յուրաքանչյուր այլ տարաձայնություն, անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով՝ դիվանագիտական բանակցությունների ճանապարհով: Մեր դիրքորոշումն անփոփոխ կիսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն և միջազգային այլ կազմակերպություններ»,- նշել է Ալեքսեյ Զայցևը։
Ալեքսեյ Զայցևը հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:
«Պատրաստ ենք շարունակել ջանքերը Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատման նպատակով»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

