Ռուսական պրոպագանդան Ռուսաստանի Դաշնությանը ոչ միայն դարձրել է մեկուսացված ու ատելի երկիր թե իր արտաքին աշխարհի, թե այլ ազգերի համար, նաև իր ազգի՝ ռուս ազգի քաղաքակիրթ, ազատատենչ մասի համար:
Ռուսական պրոպագանդան, որը սկսել է Հայաստանի ու հայերի դեմ դեմարշը պետական ու ոչ պետական ալիքներով, թշնամություն է սերմանում մեր հանդեպ: Եվ դա այն պարագայում, որ իրենց ղեկավարությունը՝ Պուտինի գլխավորությամբ ու ՀԱՊԿ-ի դատարկ ներկայությամբ, թույլ է տվել հարձակվեն մեր ինքնիշխան տարածքի վրա, հրահրում է Ադրբեջանին ագրեսիայի միջոցով միջանցք պոկել Հայաստանից դեպի Նախիջևան՝ կտրելով Իրանի հետ սահմանը, մաս-մաս իրենց խաղաղապահների թողտվությամբ հանձնել է Արցախի գյուղերը՝ Հին Թաղերը, Խծաբերդը, Բերձորը, Սուսը, Աղավնոն, Խոզնավարը, Քրագլուխը, Փարուխը և այլ բնակավայրեր: Ռուսաստանը իր միջնորդությունով հանդես չի գալիս՝ ետ վերադարձնելու հայ ռազմագերիներին, թողնելով նրանց պատանդի կարգավիճակում, որպես ահաբեկման գործիք՝ ընդդեմ դաշնակից հայկական պետականության:
Արդյո՞ք այսքանը իմանալուց հետո որևէ մեկը չի հասկանում ռուսական պրոպագանդայի էժանագին կեղծիքն ընդդեմ Հայ ժողովրդի, ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվ եթե մենք բոլորս հիմա միասնական չարձագանքենք ու չմերկացնենք ռուս հանրության համար այդ պրոպագանդայի հակահայկական լինելը և սուտ տարածելը, ապա իրենց ղեկավարությունը ոչ միայն կշարունակի ընկրկել մեր թշնամու պահանջների առաջ և մեզ նորանոր բախումների տանել, այլ ավելի ուժգին կհրահրի, նաև կսկսի ուղիղ մասնակցել այդ գործողություններին Հայաստանի դեմ:
Այնպես որ, ակնկալում եմ Ռուսաստանի հայերից, Ռուսաստանում կապիտալ ու կարողություն ունեցող, ազդեցություն ունեցող հայերից, ինչպես նաև Հայ ժողովրդին սիրող ու հարգող ռուսներից ու այլ ազգերից իրենց ազատ խոսքը բարձրացնել ու թույլ չտալ այդ պրոպագանդային, որպեսզի թշնամություն սերմանեն հայ և ռուս ժողովուրդների միջև: Պետք է այդ պրոպագանդայի ողնաշարին հարվածել, որպեսզի սսկվի տեղը և չհամարձակվի ատելություն ու չկամություն քարոզել իրենց հանրային ու ոչ պետական ալիքներով:
Մեր բոլորի աչքի առաջ է նաև Ուկրաինայում տեղի ունեցած ու ունեցողը, որ հենց այդ նույն պրոպագանդայի արդյունքն էր, ինչը բերեց ուկրաինացի և ռուս ժողովուրդների թշնամանքին միմյանց հանդեպ, ինչը անդառնալիորեն կյանքեր է խլում ցայսօր:
Կանգնեք Հայ ժողովրդի կողքին՝ մերկացրեք կրեմլյան կեղծ պրոպագանդան: Դուք կարող եք փրկել կյանքեր: Դուք կարող եք կանգնեցնել պատերազմն ընդդեմ Հայ ժողովրդի, ընդդեմ Հայաստանի ու Արցախի:
Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր