Քաղաքականություն

Ռուսաստանը յուրահատուկ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստի ժամանակ պատախանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։ ՌԴ նախագահը շեշտել է, որ Մոսկվան յուրահատուկ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։

«Սկսենք Լեռնային Ղարաբաղից և այն հարցից, թե ում ենք սատարում։ Դուք ասացիք այն մասին, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել Հայաստանի հետ։ Բայց մենք նաև հատուկ հարաբերություններ ենք ունեցել Ադրբեջանի հետ։ Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 միլիոն հայ և գրեթե 2 միլիոն ադրբեջանցի։ Դրանք միայն այն մարդիկ չեն, որ եկել են ժամանակավոր աշխատանքի, նաև այն մարդիկ են, ովքեր մշտապես են ապրում այստեղ։ Նրանք միլիարդավոր դոլարներ են ուղարկում իրենց ընտանիքներին՝ աշխատելով Ռուսաստանում։ Այդ բոլոր մարդիկ կայուն, սերտ հարաբերույթուններ ունեն Ռուսաստանի հետ։ Այդ պատճառով մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, այդ պատճառով էլ մեզ համար մեծ ողբերգություն է, երբ այնտեղ մարդիկ են մահանում»,- ասել է Պուտինը։

Վլադիմիր Պուտինը նաև շեշտել է, որ Ռուսաստանը ցանկանում է կառուցել լիարժեք հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Նա խոսել է նաև այն մասին, թե ինչն է տարբերում մի գործընկերոջ հետ հարաբերությունները, մյուսի հետ հարաբերություններից։

«Հայաստանի դեպքում դա քրիստոնեությունն է։ Բայց մենք սերտ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ նաև այլ ուղղություններում։ Ինչ վերաբերում է կրոնական բաղադրիչին, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանի Դաշնության բնակչության շուրջ 15 տոկոսը իսլամ է դավանում։ Եվ այդ առումով էլ Ադրբեջանը մեզ համար օտար երկիր չէ», – ասել է Պուտինը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ