fbpx
Քաղաքականություն

Դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով․ Արմեն Գրիգորյան

Այսօր ժամը 13:00-ի դրությամբ ադրբեջանական ԶՈՒ-երը ռազմական գործողություններ են սկսել ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ և փորձել են իրադրությունը սրել սահմանի ամբողջ երկայնքով։ Այս պահին շարունակում են մարտական գործողություններ ընթանալ, ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Հանրային հ/ը եթերում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մայիսի 12-ից սկսած ՀՀ սուվերեն տարածքում են Ադրբեջանի ԶՈՒ-երը, և գտնվում են՝ ՀՀ սուվերեն տարածքի խախտումով։ Այսօրվա սրացումը կապված է նաև Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ, բայց նրանք նաև փորձել են օգտագործել ՀՀ տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-երը։ Կարևոր ենք համարում ընդգծել, որ քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում։

Ճշտող հարցին՝ սա բանավո՞ր դիմում է, թե՞ համապատասխան ընթացակարգով է գնում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու․ «Բայց մենք ուզում ենք հանրությանն ու մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում։ Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք Հայստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու։ Բազմիցս խոսվել է, որ ՀՀ պետական սահմանը ՌԴ-ի համար կարմիր գիծ է, և մայիսի 12-ից ադրբեջանցիները խախտել են այդ գիծը։ Այս առումով մենք դիմում ենք մեր դաշնակցին, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ այս օգնությունը ենթադրում է, որ եթե հնարավոր լինի այս իրավիճակը, ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, ապա լուծել այդպես, եթե բանակցային ճանապարհով լուծել հնարավոր չի լինում, ապա տրամադրել ՀՀ-ին բավական ռազմական օգնություն, որպեսզի ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ