Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը Գյումրիում չի քննարկվել: Այս մասին նոյեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստին հայտարարեց Դաշնային Խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը:
Նա նշեց, որ այդ հարցով լրացուցիչ ոչինչ չի ասի, և հավելեց, որ համաձայն է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դիրքորոշման հետ: Վերջինս հայտարարել էր, որ տվյալ հարցը չի մտնում տվյալ նիստի քննարկումների շրջանակում:
«Ռուսաստանի Դաշնությունը պահպանում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, համագործակցում է բոլոր ոլորտներում, որոնք հետաքրքրում են հայկական կողմին: Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերություններում խոչընդոտներ չկան: Մենք այսօր այստեղ քննարկել ենք մեր հարաբերությունների զարգացումը ԵՏՄ շրջանակում, որը տնտեսական հարաբերություններ և նորմատիվ-իրավական բազա է ձևավորում, որը ԵՏՄ անդամ պետություններում միասնական շուկա ստեղծելու հնարավորություն է տալիս: Մեզ համար դա շատ կարևոր է, քանի որ անհրաժեշտ է ավելի շատ օրենքներ ընդունել, վերացնել բարիերները: Կան տասնյակ բարիերներ, որոնք դեռևս առկա են, և դրանց վերացման համար մենք՝ խորհրդարանականներս, պետք է շատ աշխատենք»,- նշեց Վորոբյովը:
Նրա խոսքով՝ կա ծրագիր՝ ճանապարհային քարտեզ, որն առաջարկում է լուծել ԵՏՄ շրջանակում բոլոր հարցերը: Եվ հենց այդ հարցեր են եղել նրանց ուշադրության կենտրոնում: