fbpx
Քաղաքականություն

ՌԴ-ն չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ կամ չի ուզում. Փաշինյան

«Շատ կարևոր է հասկանալ, թե որն է Ռուսաստանի՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանին թողնելու քաղաքական դրդապատճառը։ Երբ խոսում էիք Ձեր ռուս գործընկերների հետ, տեսնում էիք, որ ռուս խաղաղապահները չէին իրականացնում իրենց պարտականությունները, ի՞նչ էին նրանք Ձեզ ասում։ Չե՞ք հարցրել նրանց, թե ինչու են նրանք հնարավորություն տալիս Ադրբեջանին դե-ֆակտո վերահսկել այս տարածքը, ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ չեք միջամտում»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն է ուղղել La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնմանը։

«Գիտեք, իհարկե, մենք խոսակցություն ունենում ենք այդ թեմայով մեր ռուս գործընկերների հետ: Եվ անկախ այդ խոսակցությունից, իհարկե, մենք մեր վարկածներն ունենք: Եվ երբ խոսում ենք այդ վարկածների մասին, նաև Ռուսաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ մղում են պատմական զուգահեռների:

Օրինակ, մեր տարածաշրջանը տեսել է այդպիսի իրավիճակ: Ըստ էության, արդեն բավական երկար Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում է՝ Հարավային Կովկասում: Բայց մենք տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից: Օրինակ՝ հիմա շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից:

Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ, ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Ի՞նչ պատճառներով, մենք դա չգիտենք: Մենք կարող ենք մեկնաբանություններ անել, բայց ես չեմ կարող պնդումներ անել: Ես կարող եմ վարկածներ առաջադրել, բայց հիմա չեմ անի դա: Բայց հասկանալի է, որ Ձեր նշած հարցը մեզ շատ է հուզում և հետաքրքրում, և դա նորություն չէ: Բայց կան պրոցեսներ, որոնք, իհարկե, հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ:

Նաև պիտի համաձայնվեմ Ձեր այն ձևակերպման հետ, որ Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ: Ինչո՞ւ: Կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ կամ չի ուզում: Երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է»,- պատասխանել է ՀՀ վարչապետը:

Ճշտող հարցին` ի՞նչ եք կարծում՝ չե՞ն ցանկանում, թե՞ չեն կարողանում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Ես կարծում եմ՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում»:

Ո՞րն է չցանկանալու պատճառը։ Այս հարցին ՀՀ վարչապետն արձագանքել է.
«Շատ տարբեր են: Բայց ես չեմ ցանկանա դրա մասին խոսել: Իհարկե, ես ունեմ իմ վարկածները, իմ պատկերացումները, իմ համոզմունքները և դրանց մի մասը նաև արտահայտել եմ հրապարակային: Իհարկե, այդ հրապարակային արտահայտությունների մեջ գուցե պատճառահետևանքային կապերն այդքան ուղիղ չեն եղել, բայց ուշադիր հետազոտողը, կարծում եմ, այդ կապերը կտեսնի:

Այս իրավիճակը, տեսեք, ինչո՞վ է վտանգավոր Հայաստանի համար, որովհետև Հայաստանը ֆորմալ առումով, ինչու եմ ասում ֆորմալ առումով, որովհետև մենք դրա գործիքակազմից չենք կարողացել փաստացի օգտվել:

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր, և այս տրամաբանության բերումով բոլոր արևմտյան երկրների կամ փորձագետների հայացքով և տրամաբանությամբ Հայաստանը պրոռուսական երկիր է: Մյուս կողմից՝ Ռուսաստանում շատ շրջանակներ Հայաստանը կամ նրա գործող կառավարությունը և քանի որ կառավարությունը ձևավորվել է ժողովրդի մեծամասնության քվեով, համարում են պրոարևմտյան: Այստեղ մեր այսօրվա դիրքի ամենամեծ պրոբլեմը հետևյալն է, որ եթե պրոռուսականությունն ունի հնարավոր ինչ-որ առավելություններ կամ եթե պրոարևմտականությունն ունի ինչ-որ առավելություններ, Հայաստանը չի կարողանում օգտվել ո՛չ պրոռուսականության առավելություններից, որովհետև Ռուսաստանում առնվազն բավարար չափով պրոռուսական չեն համարում Հայաստանին: Օրինակ՝ այն պատճառով, որ Հայաստանն Ուկրաինայի հետ կապված, իրենց տեսակետից, բավարար չափով աջակցություն չի ցուցաբերում Ռուսաստանին: Մյուս կողմից՝ Հայաստանը չի կարողանում օգտվել պրոարևմտականության հնարավոր առավելություններից կամ օգուտներից, որովհետև Արևմուտքում էլ Հայաստանին համարում են, որ Հայաստանը բավարար չափով պրոարևմտյան չէ, օրինակ, որ Ուկրաինայի հետ կապված բավարար չափով, իրենց տեսակետից՝ բավարար չափով, չի ընդդիմանում կամ դիմադրում Ռուսաստանին: Եվ հենց սրանում է մեր իրավիճակի նրբությունը և վտանգավորությունը»:

«Երբ խոսքը գնում է Հայաստանի այն տարածքների մասին, որոնք Ադրբեջանը վերահսկում է այսօր, և մենք ավելի ու ավելի ենք տեսնում Ադրբեջանի պահանջները միջանցքի հասնելու մասին, որը նրանք անվանում են «Զանգեզուրի միջանցք», և որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանին, արդյոք այս միջանցքի հարցը նույնպես խաղաղության բանակցությունների մաս է կազմում»,- հետաքրքրվել է լրագրողը։

Վարչապետն արձագանքել է.

«Տեսեք, Դուք ասում եք Is this corridor…, ի՞նչ corridor»:

Լրագրողը մանրամասնել է` միջանցքը, որը նրանք պահանջում են:
«Նախ` սկսենք նրանից, որ նրանք իրավունք չունեն միջանցք ակնկալել, որովհետև եթե խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է, այնտեղ «միջանցք», «corridor» բառն օգտագործված է մի դեպքի համար, և դա Լաչինի միջանցքի մասին է, որը ոչ թե ճանապարհ է…»,- պարզաբանել է վարչապետը:

Ի պատասխան դիտարկման` «բայց նրանք օգտագործում են դա», վարչապետը նկատել է.

«Հենց դա է: Դա ցույց է տալիս Ադրբեջանի քաղաքականության ագրեսիվությունն ու ոչ իրավաչափությունը: Բայց տեսեք՝ Դուք էլ եք օգտագործում դա: Դուք տարածում եք՝ ինչ իրենք ասում են, և հետևաբար՝ իրենք հասնում են իրենց նպատակին նաև Ձեր միջոցով:
Ես չեմ մեղադրում Ձեզ, ճիշտ հասկացեք: Բացարձակապես: Ես ուղղակի ուզում եմ, որ մենք իրադրությունը ճիշտ հասկանանք: Ասենք, Դուք – ես դուք ասելով՝ կոնկրետ Ձեզ նկատի չունեմ, բայց Ձեզ էլ նկատի ունեմ, որևէ մեկը հարցնո՞ւմ է՝ այդ ի՞նչ բառ է, որտեղի՞ց եք հորինել դա: Որտե՞ղ է դա գրված: Որտեղի՞ց: Կարո՞ղ եք ցույց տալ:
Երբ ես ասում եմ Լաչինի միջանցք, ես կարող եմ ցույց տալ թուղթ, որի տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն է: Այսինքն՝ ինձ պետք չէ ցույց տալ, Դուք կարող եք 5 րոպեում գտնել: Հիմա Դուք, մյուս լրագրողները հարցնո՞ւմ են Ադրբեջանին՝ դա որտեղի՞ց, ո՞վ է հորինել, ի՞նչ իրավունք ունեք այդպիսի պնդում անելու, Հայաստանից այդպիսի բան պահանջելու: Այստեղից է սկսվում ամեն ինչ»:

«Հենց այստեղ է հարցը, Դուք եք բանակցում Ադրբեջանի հետ, և նրանք օգտագործում են այլ բառապաշար․․․»,- արձագանքել է լրագրողը:

«Դուք եթե տեղյակ եք, օրինակ, Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը փորձ արեց օգտագործել այդպիսի խոսույթ, բայց քանի անգամ ինքն օգտագործեց այդ խոսույթը, ես այդքան անգամ արձագանքեցի, նաև ի ցույց դնելու այդ հորինովի բառապաշարը, ուղղակի հորինել ագրեսիվությունը հիմնավորելու համար: Էլի եմ ասում, երբ ասում եմ Լաչինի միջանցք, ես կարող եմ ցույց տալ թուղթ, որի տակ Ադրբեջանի նախագահի և իմ ստորագրությունն է: Ուրիշ որևէ միջանցքի մասին աշխարհում ընդհանրապես և պատմության մեջ գոյություն չունի մի այնպիսի փաստաթուղթ, որը ենթադրում է, որ Հայաստանի տարածքով պետք է միջանցք աշխատի այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ, որ Ադրբեջանը փորձ է անում առաջադրել: Բայց հակառակը, գոյություն ունի այդ փաստաթուղթը, ուրիշ բան գոյություն ունի: Այդ տերմինի իրավաչափությունը և իրավազորությունն արձանագրել է Արդարադատության միջազգային դատարանը:

Հիմա տեսեք, Ադրբեջանն ասում է Լեռնային Ղարաբաղ չկա, գոյություն չունի, բայց ես կարող եմ ցույց տալ Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ թուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղն ունի տարածություն և Լեռնային Ղարաբաղն ունի շփման գիծ, այսինքն՝ ուրվագիծ և Լեռնային Ղարաբաղն ունի Լաչինի միջանցք՝ 5 կմ լայնությամբ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Սա շատ լուրջ խոսակցություն է, և շատ կարևոր է, որ շատ լուրջ խոսակցության մեջ չօգտագործվեն անլուրջ տերմիններ և բառապաշար»,- նշել է վարչապետը:
Լրագրողը հետաքրքրվել է. «Հաշվի առնելով այն, ինչ հիմա տեղի է ունենում, հաշվի առնելով այն, ինչ Դուք անվանում եք Ադրբեջանի ագրեսիվություն, և սա գուցե ամենակենտրոնական հարցն է։ Ի՞նչ երաշխիքներ ունեք, որ Ադրբեջանը երբևէ կհարգի այն համաձայնությունները, որոնք նրանք քննարկում և բանակցում են ձեզ հետ»։

«Ես արդեն ասացի, որ հենց երաշխիքները լինեն, նույն պահին այդ փաստաթուղթը կստորագրվի: Քանի դեռ նման երաշխիքներ չկան, այդ փաստաթղթի ստորագրումը. ես հրապարակային էլ եմ դրա մասին ասել, որ մեր խնդիրն ամենևին էլ խաղաղության պայմանագիր վերնագրված փաստաթուղթ ստորագրելը չէ, մեր խնդիրը խաղաղության պայմանագիր ստորագրելն է, որը գետնի վրա կբերի խաղաղություն: Տեսեք, մենք դա ենք բանակցում: Ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրված չէ: Հիմա գործնականում մենք խաղաղության պայմանագրի բանակցություններում հասել ենք այն տեղերին, որը վերաբերում է երաշխիքներին, թե որոնք են այն երաշխիքները, որ այս թղթի ստորագրումից հետո գործնականում բերելու են խաղաղության: Հենց որ այդ երաշխիքների շուրջ համաձայնությունը կայանա, դա նշանակում է, որ գործնականում կարելի է համաձայնությունը ձեռք բերված համարել»,- պատասխանել է վարչապետը:
Լրագրողը նաև հետաքրքրվել է. «Ըստ Ձեզ, անձամբ Ձեր կարծիքով, որովհետև Դուք Հայաստանի վարչապետն եք, բայց նաև այն անձն եք, ով մասնակցում է այս քննարկումներին, որո՞նք կարող են լինել այն երաշխիքները, որոնք ընդունելի կլինեն Ձեզ այս քննարկումների իրականացման համար։ Կոնկրետ ի՞նչ երաշխիքներով կարող են այս համաձայնություններն ընդունելի լինել»։
Ի պատասխան` վարչապետը նշել է. «Ես Ձեր հարցը կվերաձևակերպեի, թե երաշխիքներն ինչի՞ն պետք է ծառայեն: Երաշխիքները պետք է ծառայեն, առաջինը, մեր տեսակետից, Ադրբեջանին էլ երևի իր տեսակետից, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորումը և երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման շուրջ հուսալի երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում:

Այսինքն՝ երկու խնդիր կա, հենց որին ես անդրադարձա խաղաղության ճարտարապետության մասին մեր պատկերացումը ներկայացնելիս: Առաջինը՝ մեր ձեռք բերված պայմանավորվածությունը, սա շատ կարևոր բառ է՝ պայմանավորվածությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29 800 ք. կմ և 86 600 ք. կմ և սրան զուգահեռ կամ որպես առանձին գոյություն ունեցող կետ՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման հարց: Այսինքն՝ երաշխիքները սրա մասին պետք է լինեն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ