Պրիմերայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց «Ժիրոնայից»:
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 25-րդ րոպեին, երբ Թոնի Կրոսի արդյունավետ փոխանցումը գոլով եզրափակեց Կազեմիրոն:
«Սերուցքայինները» ոչ միայն չկարողացան զարգացնել հաջողությունը, այլև երկրորդ կեսում 2 գոլ բաց թողեցին:

64-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց տանտերերի պաշտպան Սերխիո Ռամոսը, և գլխավոր մրցավար Գուլիերմո Կուադրա Ֆերնանդեսը նշանակեց 11-մետրանոց տուգանային, որն ավրեպ իրացրեց Կրիստիան Ստուանին: «Ժիրոնայի» համար հաղթական գոլն էլ 75-րդ րոպեին խփեց Կրիստիան Պորտուգեսը:
Նշենք, որ «Ռեալը» հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստով. 90-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Ռամոսը:
Այս հաղթանակից հետո «Ժիրոնան» ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը, իսկ «Ռեալը» մնաց 45 միավորով երրորդ տեղում:
Պրիմերա, 24-րդ տուր
«Ռեալ»-«Ժիրոնա»՝ 1:2
Գոլերը՝ Կազեմիրո 25՛ – Ստուանի 65՛ (11-մետրանոց), Պորտուգես 75՛
Հեռացում՝ Ռամոս 90՛
Հաղորդում է armsport.am-ը։

