Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը մեկ օրով հետաձգվեց: Նիստը նշանակվեց հունիսի 13-ին՝ ժամը 12:30-ին:
Հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը իր ելույթում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված արտահայտությունը բացի զրպարտությունից որակեց նաև վիրավորանք, որից հետո դատարանը ճշգրտեց՝ հայցվոր կողմն արդյոք հայցը ներկայացնում է որպես վիրավորանք, թե միայն որպես զրպարտություն: Ճշգրտումից հետո դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգել, և դատը նշանակել հոկտեմբերի 30-ին:
Սակայն հայցվոր կողմը խնդրեց հինգ րոպեով դադար տալ և ճշգրտել իր վստահորդից, որից հետո Հայկ Ալումյանը հայտարարեց.
«Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ այս հայտարարությունը անելով՝ պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից: Նման դեպքում ես կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս շուտ»,- ասաց Ալումյանը:
Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իր վստահորդը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին:
Կարճատև քննարկումից հետո Դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգել, որպեսզի վաղը ներկայացվի գրավոր դիմում հայցից հրաժարվելու մասին:
Հիշեցնենք՝ այսօր դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստը: