Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ելույթ է ունենալու: Նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանի ելույթի բովանդակությանը ծանոթ չէ:
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը հայտնեց, որ իրենք դեռ չեն լսել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի բողոքը, մի մասն է մնացել: Նա ասաց, որ դատական նիստը հնարավոր է` տևի մինչև ժամը 17.00-ն:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Դատարանի այս որոշման դեմ էլ փաստաբանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել: