fbpx
Քաղաքականություն

Ռուս-հայկական հարաբերությունները ոչ միայն բարեկամական, այլ եղբայրական բնույթ են կրում

Ռուսաստանի ԱԳՆ-ին կից Դիվանագիտական Ակադեմիան արդեն 80 տարվա պատմություն ունի, իսկ ահա ակադեմիային կից Դիվանագիտական Ակումբը ստեղծվել է ընդամենը երկու տարի առաջ և այդ ակումբի անդամները երեկ հյուրընկալվել էին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը:

Դիվանագիտական այդ ակումբը մի հարթակ է, որի նպատակն է զարգացնել դիվանագիտության մեջ եղած կարևորագույն գործիքներից մեկը՝ անմիջական ու մարդկային շփումները Ռուսաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների տարբեր ներկայացուցիչների միջև, քանզի դիվանագիտությունը մի արվեստ է, որը ընդունակ է մեղեդայնություն հաղորդել քաղաքական գործիչների ամպագոռգոռ թմբուկներին, սիրում էր կրկնել Ուինսթոն Չերչիլը:

Դիվանագիտական Ակադեմիայի ռեկտոր, դիվանագիտական ակումբի նախագահ Եվգենի Բաժանովը ներկաներին մի շարք հետաքրքիր դրվագներ պատմեց իր դիվանագիտական կենսագրությունից, մատնանշելով, որ ինքը տարբեր երկրներում, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր մակարդակներում բազմաթիվ անգամներ առիթ է ունեցել հաճելի շփումներ ունենալ հայերի հետ և գտնում է, որ ռուս-հայկական հարաբերությունները ոչ միայն բարեկամական, այլ եղբայրական բնույթ են կրում:

Բաժանովը նաև ընդգծեց, որ դիվանագիտական ակումբը իր երկամյա գոյության ընթացքում բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել, սակայն, առաջին անգամն է, որ հանդես է գալիս ոչ թե տանտիրոջ, այլ հյուրի կարգավիճակում, հյուր, որին ընդունում են գրկաբաց, հյուրասիրում են անզուգական հայկական կոնյակ և դուդուկի հնչյունների ներքո են պատմում իրենց մշակույթի պատմությունը:

Ի պատասխան, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը նշեց, որ դեսպանատան դռները միշտ բաց են բարեկամների ու հյուրերի առջև և Եվգենի Բաժանովին շնորհեց Հայաստանի դեսպանության կողմից պատրաստված խորհրդանշական հուշամեդալը, որի վրա դաջված է Լազարյանների տոհմական գերբը ու Լազարյան ճեմարանի պատկերը՝ ի նշան և ի պատիվ ռուս-հայկական հարաբերությունների մեջ պատմականորեն ամենալուրջ ներդրումն ու դերակատարումն ունեցած ակնառու գործիչների՝ Լազարյան եղբայրների:

Աղբյուրը՝ aravot.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ