fbpx
Մշակույթ

Ռուսական թատրոնը թատերասերների դատին կհանձնի երկու նոր ներկայացում

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մարտի վերջին հանդիսատեսին կներկայացնի Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» ներկայացումը, իսկ մայիսին՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Այս մասին հայտնել է թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։

«Ինքնասպանը» ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է, իսկ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման բեմադրիչը՝ ես։ Շուտով բեմ կվերադառնան «Գայլն ու յոթ ուլիկները», «Բժիշկ Այբոլիտը» մանկական ներկայացումները, որոնք բեմադրել է Իռա Հարությունյանը»,-նշել է Ներսիսյանը:

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝«Ռոմեո և Ջուլիետ» անասելի հետաքրքիր գործ է և լուրջ ու մանրակրկիտ մոտեցում է պահանջում։ «Պիեսն ունի բարդ կառուցվածք. վառ ու կրքոտ կերպարների մարմնավորելը դերասաններից ֆիզիկական և հուզական մեծ լարում է պահանջում։ Բանաստեղծական տեքստը այնքան էլ դյուրամարս չէ։ Սա այն պիեսներից է, որը դերասաններին զարգանալու և աճելու հնարավորություն է տալիս։ Փորձերին զուգահեռ անցկացնում է բեմական խոսքի թրեյնինգների շարք, որը վարում է Դարյա Կազեևան։ Ներկայացման բարդ պլաստիկ լուծումների վրա աշխատում է Արա Ասատուրյանը։ Մի խոսքով, աշխատանքը եռում է, դերասանները մեծ ոգևորությամբ են աշխատում, և դա չի կարող չուրախացնել։ Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև ներկայացման գեղարվեստական ձևավորման վրա․ զգեստների նկարիչն է Ինեսա Սևունցը, բեմանկարիչը՝ Արթուր Հարությունյանը»,- ներկայացրել է Ներսիսյանը։

Նա շեշտել է, որ փետրվար-մարտ ամիսներն իր համար գերծանրաբեռնված են։ Մինչ ռուսական թատրոնում գեղարվեստական ղեկավար նշանակվելը բեմադրիչն այլ պայմանավորվածություններ ուներ:

«Մի քանիսից հրաժարվեցի. հավատացեք՝ քիչ չէին, սակայն չէի կարող հրաժարվել Սարանսկի ռուսական դրամատիկական թատրոնում նախատեսված Ժան-Բատիստ Մոլիերի «Ժորժ Դանդեն կամ Խաբված ամուսինը» պիեսի բեմադրության առաջարկից։ Այն պետք է սուղ ժամկետներում ավարտին հասցնեմ։ Ի դեպ, ներկայացումը մասնակցում է Սարանսկում անցկացվող արտերկրի ռուսական դրամատիկական թատրոնների «Սոոտեչեստվեննիկի» XVI միջազգային փառատոնին։

Այդ փառատոնին Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է։ Այս տարի ներկայացում չի ցուցադրվի, սակայն ներկայացուցիչ կունենա։ Փառատոնի ծրագրում նշված է Կարեն Ներսիսյան՝ Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Հանգիստ եմ, որ իմ բացակայության օրերին Երևանում թատրոնը ստեղծագործական պարապուրդի չի մատնվի»,-եզրափակել է Կարեն Ներսիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ