Այսօր լրագրողները արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրել են, թե չպե՞տք է թույլ տրվի հավաքներ կազմակերպել, քանի որ ընդդիմություն ասում է, որ սա կարծես թե ազատ խոսքի ճնշում է։
«Իմ կարծիքով, ընդդիմությունը հասարակությանը ցույց տալու հանգամանքներ ունի, իբրև իրենք պատրաստ են շատ հուժկու հավաքներ կազմակերպել և ահա արտակարգ դրությունը իրենց, իրենց պլաններին խանգարում է և իրենք իրենց ամբողջ պոտենցիալը չեն կարողանում ցույց տալ: Բայց դա կեղծ օրակարգ է: Իրենք նման հնարավորություններ չունեն, ուղղակի հիմա իրենց համար հարմար առիթ է՝ այդ հարցը անընդհատ բարձրացնելու եւ անընդհատ արձանագրելու, որ իբր իշխանություններն իրենց թույլ չեն տալիս՝ այդ հուժկու հավաքները կազմակերպելու»,- պատասխանել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ Սահմանադրության հպանցիկ ուսումնասիրությունն էլ վկայելու է, որ առողջության պահպանությունը հավաքների սահմանափակման հիմք կարող է լինել, ընդ որում, ոչ միայն արտակարգ դրության ժամանակ, այլև ցանկացած այլ իրադրությունում, երբ առողջության պաշտպանության խնդիր կամ վարակի տարածման վտանգ է լինում։
Վերջերս համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում Բադասյանը սրճարանում նստած՝ առանց դիմակի:
«Եթե հանրային սննդի վայրում սնունդ ընդունելիս նկարահանումների մասին է խոսքը, ես դիմակով չեմ կարողանում ճիշտն ասած հաց ուտել»,- ընդգծել է Բադասյանը։
Այն հարցին, թե մամուլում գրում են, որ Ստամբուլյան կոնվենցիան սեպտեմբերին բերելու եք ԱԺ ու Նաիրա Զոհրաբյանն էլ չի բացառում, որ իրեն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից ուզում են հանել մինչև այդ՝ Բադասյանն ի պատասխան ծիծաղել է․
«Դեռ այդպիսի պլաններ չկան,բայց հետաքրքիր մեկնաբանություն էր»: