Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանիի գլխավորած պատվիրակությանը:
Ռուստամ Բադասյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, արդյունավետ է որակել դեսպանատան հետ համագործակցությունը և բարձր գնահատել նախկին դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի ներդրած ջանքերը՝ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման, սնանկության ոլորտի օրենսդրության բարեփոխման աշխատանքներում:
ՄԹ դեսպանության ժամանակավոր հավատարմատարը համագործակցության շարունակականության հանձնառությունն է հայտնել՝ ուղղված Հայաստանի Կառավարության հավակնոտ ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորություններին, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման աշխատանքներին և սահմանադրական բարեփոխումներին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։