«Բռունցք բեր» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է.
«Գործող վարչակազմը օգտվում է քաղաքացիների մեծամասնության ուշադրության պակասից, քիչ կարդալու, հաղորդ չլինելու, քաղաքական ու իրավական երևույթների, եզրույթների մեջ չխորանալու, դրանց հանդեպ հակակրանք ունենալու վիճակից:
Նրանք երկու վնասատու տերմին են հորինել ու անընդհատ կրկնում են, որը օրենսդրության մեջ բացակայում է, և բացակայում է քաղաքագիտական տրամաբանության մեջ, հատկապես այն փաստաթղթերում, որոնք շրջանառվում են միջպետական ու միջազգային արձանագրություններում ու համաձայնագրերում.
1. «Սահմանների վերարտադրություն» բառակապակցությունն է,
2. «Ինքնիշխան տարածք» բառակապակցությունն է:
Այս երկու բառակապակցություններով նրանք մոլորում են հանրությանը, սեփական թիմակիցներին (նրանց էլ դարձնում հանրության մոլորության մատնելու գործիք) և իրավակաքաղաքական տեսանկյունից դիտավորյալ խաբեության են դիմում, որը կրկին՝ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է ենթադրում:
ՀՀ պետական սահմանի մասին օրենքում (առաջին հոդվածը վերջին պարբերություն) հստակեցված է, որ սահմանը որոշվում է միջազգային պայմանագրով և ՀՀ օրենքով: Որոշվել և վերարտադրել բառերը տարբեր են, ավելին՝ առաջինը կա օրենքում գրված, երկրորդը՝ բացակայում է:
Վերարտադրելու համար նախ պետք է որոշված լինեն սահմանները, այնուհետև միգուցե վերարտադրվեն համապատասխան մեկ այլ որոշման կամ նույն որոշմամբ: Ասում են, թե Ալմա Աթայի հռչակագրում կա: Հռչակագիրը միջազգային պայմանագիր է, սակայն այս պարագայում անհրաժեշտ է լինի համաձայնագիր կամ պայմանագիր սահմանի որոշման մասին:
Տվյալ հռչակագիրը հանդիսանում է միջազգային պայմանագիր կնքելու համար հիմք, հենք, որտեղ արտացոլված է այն արժեքները, սկզբունքները և նպատակները, որոնց հիման վրա կարող են կնքվել պայմանագրեր:
Եվս մեկ անգամ ասեմ՝ օրենքում չի նշված, որ պետական սահմանը որոշվում է սահմանների վերարտադրությամբ կամ սկզբունքեր ու արժեքներ նշմարող հռչակագրով, այլ հստակ նշվում է, որ որոշվում է միջազգային պայմանագրով ու ՀՀ օրենքով:
Իրենք ապօրինի կերպով թշնամի երկրի հետ, որը օկուպացրել է ՀՀ տարածքից, Արցախը օկուպացրել և էթնիկ զտումներ է իրականացւել, հատվածական սահմանազատել ու սահմանագծել են խախտելով ՀՀ պետական սահմանի մասին օրենքը, արդեն հանձնել են ՀՀ քաղաքացիներին պատկանող սեփականությունները թշնամական բռնապետությանը:
Կարճ ասած՝ սահմանի վերարտադրություն ասվածը օրենքը շրջանցելու համար հորինված բառակապակցություն է և քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով պատիժ է սահմանում, ավելին՝ ՀՀ տարածքներ զիջելը ևս:
Հաջորդը՝ «ինքնիշխան տարածք» ասվածը: Ինքնիշխանը Հայաստանի Հանրապետությունն է որպես պետություն: Իր տարածքը իր իրավազորության, իրավասության ու իշխնության ներքո է գտնվում: Տարածքը ունի պատկանելություն կամ վիճելի է: Տարածքն ինքնին չի կարող լինել ինքնիշխան, ժողովրդավարական կամ հրաշափառ: Դրանք գրական ժանրից են: Սրա գործարկման կարճաժամկետ նպատակն այն է, որ զանազանեն ՀՀ և Ադրբ. տարածքները՝ մերժեն վիճելի տարածքները, իսկ երկարաժամկետում՝ մոռացության մատնեն «ինքնիշխան տարածքեր» ասածը, քանզի բացակայում է միջազգային տերմինոլոգիայում և թույլ տան (դիտավորյալ, թե անգետ) Ադրբ.-ին այն վերածել վիճելի տարածքների, որով կշարունակեն պահել իրենց իրավազորությունն ու իշխանությունն այդ տարածքների վրա՝ Սոթք, Խոզնավար, Ջերմուկ, Բերքաբեր և այլուր»:
