Samsung Electronics ընկերությունն օգոստոսի 23-ին սկսում է իր Galaxy Note 10 նոր առաջատար սմարթֆոնի վաճառքներն աշխարհի 70 երկրում: Այս մասին հայտնում է կորպորացիայի մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի 23-ից Galaxy Note 10-ը հասանելի կլինի Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայում: Սեպտեմբերին այդ ցուցակը կներառի մինչև 30 երկիր»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
Օգոստոսի 20-ին ընկերությունը տեղեկացրել էր, որ ավելի քան 1 մլն հարավկորեացիներ Galaxy Note 10-ի նախնական պատվեր են ձևակերպել:
«Հարավային Կորեայում Galaxy Note 10-ի նախնական պատվերների թիվը գերազանցել է 1 միլիոնը, իսկ դրանց ընդհանուր թվաքանակը հասել է 1,3 միլիոնի, ինչն արդեն կրկնակի ավելի է, քան նախորդ՝ Note 9 մոդելինը, որը թողարկվել է 2018 թվականին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
6,3 դյույմ էկրանով Note 10-ի արժեքը Հարավային Կորեայում կազմում է 1,2 մլն վոն (1025 դոլար), իսկ 6,8 դյույմ դիսփլեյով մոդելինը՝ 1,5 մլն վոն (1250 դոլար): Սա Samsung սմարթֆոնի երկրորդ մոդելն է, որն ապահովում է տվյալների արագ հաղորդման 5G նոր ստանդարտը: Երկրում դրանից օգտվում է արդեն ավելի քան 2 մլն բաժանորդ: