Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը: Այս մասին Ազատություն ՌԿ-ին հայտնել է Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբանը հայտնեց, որ Սանասարյանի մեղադրանքը մնացել է նույնը, որոշ փոփոխություններ եղել են մեղադրանքի ձևակերպումներում: Քրեական գործի նյութերին ծանոթանալու համար փաստաբանը 20 օր ժամանակ է խնդրել: Սանասարյանը հեմոդիալիզի գնումների գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
«Համոզված եմ, որ ապացույցներ չկան, բայց գործի նյութերին կծանոթանամ, ու այդ ժամանակ ավելի կոնկրետ կներկայացնեմ հանրությանը, թե ինչի մասին է խոսքը», ֊ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Դավիթ Սանասարյանը։
Նախկին պաշտոնյան հերքում է մեղադրանքը՝ պնդելով, որ ԱԱԾ-ն վատնելով պետական ռեսուրսը այդպես էլ օբյեկտիվ քննություն չանցկացրեց: