Օգոստոսի 5-ին լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով աղբահանության խնդիրների, ասաց. ««Սանիթեքի» պայմանագրային պարտավորությունների ձախողումն ակնհայտ է, ինչպես նաև ակնհայտ է, որ իրենց բարձրաձայնած խնդիրները ևս ունեն օբյեկտիվ կողմ այն առումով, որ ունենք վնասվող աղբամաններ, ունենք աղբավայրեր, որտեղ ելումուտը մեքենաների համար վտանգավոր է և անընդհատ վնասում էր առաջացնում, ուստի ակնհայտ է, որ պետք է պայմանագրի վերանայումներ իրականացվեր համագործակցության շրջանակներում, ինչը տեղի չունեցավ»:
««Սանիթեքն» ունի 2 կնքված պայմանագիր: Մեր առաջարկն էր լուծարել դրանցից մեկը, «Սանիթեքն» իր ռեսուրսը տեղակայեր քաղաքի մի կեսի համար, որին կբավականացնեին աղբամաններն ու մեքենաները, իսկ մյուս կեսի համար աղբահանության պարտավորությունը ստանձներ համայնքային հիմնարկը», – ասաց Խաժակյանը:
Հարցին, թե «Սանիթեքը» համագործակցության և ներդրումների նոր առաջարկ է ներկայացրել, արդյոք չկա՞ մտավախություն, որ այն չի ընդունվի, Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ նման առաջարկ նախկինում էլ եղել է, բայց քաղաքապետարանն ինչ-որ պահի մտափոխվել է, և գործընթացը կիսատ է մնացել:
«Գուցե դա տրամաբանական է, որովհետև «Սանիթեքը» չի իրականացրել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, բայց դա կանխեց ներդրումները: Ունեցանք մի քանի հարյուր աղբամանի ներդրում, մնացածը չեկավ, որովհետև «Սանիթեքի» մոտ տպավորություն էր, որ քաղաքապետարանը նպատակ ունի իրենց շուկայից դուրս մղելու, իսկ քաղաքապետարանը դրան ընդառաջ ոչինչ չարեց», – ընդգծեց Խաժակյանը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ քաղաքապետարանը «Սանիթեքին» վստահելու ոչ մի առիթ չունի:

