fbpx
Մշակույթ

Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Ակունք» համույթի «հնաբնակ» անդամ Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) մեծ ներդրում է ունեցել հայ երգ ու պարի տարածման ու զարգացման գործում: Օրերս Սարգիս Բաղդասարյանը Առնո Բաբաջանյան համերգասրահում «Ակունք» համույթի և իր հանդիսատեսի հետ նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը։ ՀՀ մշակույթի նախարարության կողմից էլ պարգևատրվեց շնորհակալագրով՝ տարիների վաստակի ու նվիրումի համար, ստացավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Հայտնում է aravot.am լրատվականը:

Հանդիսատեսների շարքում էին «Ակունքի» նախկին անդամները, երգիչներ Ներսիկ Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը (Մրոն) եւ այլք: Միջոցառման ընթացքում ներկայացվեց ազգային երգ ու պարի նվիրյալի կյանքն ու գործունեությունը` իր իսկ պատմություններով:

«Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ բոլորը գաղթականներ էին, շփվել եմ նրանց ու նրանց սերունդների հետ, լսել ու սովորել ազգային երգ ու պար: Իսկ այսօր ինչ ունենք, դրա համար շնորհակալ պետք է լինենք Հայրիկ եւ Մարո Մուրադյաններին, նաեւ Ստեփան Պողոսյանին: Նրանք «Ակունքի» ստեղծման առաջին օրից մեզ թև ու թիկունք են եղել»,- ասաց Սարգիս Բաղդասարյանը:

Հանդիսատեսը տեղեկացվեց, որ ամեն բան սկսվում է , երբ 1976 թվականին Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանը ստեղծում է «Ակունք» ազգագրական համույթը։ Նրա ուսանող Սարգիս Բաղդասարյանը դեռ համալսարանական տարիներին ակտիվ ու նախաձեռնող է եղել, և «Ակունքի» ստեղծման առաջին օրվանից մասնակցել է երգ ու պարի հավաքագրման աշխատանքներին։ Հայաստանի գյուղերում, քաղաքներում,  հետագայում՝ Էստոնիայում, Գերմանիայում, Վրաստանում, Իտալիայում և անգամ օվկիանոսից այն կողմ հնչում է «Ակունքի» ձայնն ու շատերին դարձնում հայ երգ ու պարի սիրահար։

«Ակունքի» գործունեության 42 տարիների ընթացքում Հոպոն իր եռանդն ու սերը դեպի երգարվեստ չի խնայել, մինչ օրս էլ նա համույթի կազմում է, ինչի փոխհատուցվում է ունկնդրի սիրով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ